Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը բացահայտել է շաբաթներ առաջ Ստամբուլի նահանգապետի հետ ունեցած հանդիպման մանրամասները և խոստովանել, որ թուրքական իշխանությունները բացեիբաց պահանջել են Պոլսո Հայոց պատրիարքի ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի հրաժարականն ու չեն ընդունում նրան այդ պաշտոնում:
Ինչպես գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը», Աթեշյանը սոցցանցերից մեկի իր պաշտոնական էջի միջոցով հայտարարել է, որ պատրիարքարանը երբևէ չի ստանա պետությունից սպասված թույլատվությունը պատրիարքի ընտրությունների անցկացման հետ կապված, քանի որ «պետության կողմից չընդունված մի անձի հարցմանը նահանգապետարանից պատասխան սպասելը ոչ այլ ինչ է, քան միամտություն»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ստամբուլի նահանգապետարանում Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների վերաբերյալ հանդիպում էր անցկացվել՝ առանց Բեկչյանի մասնակցության: Հանդիպմանը մասնակցել էին Ստամբուլի նահանգապետ Հասիփ Շահինը, Պոլսո Հայոց պատրիարքարանի Եկեղեցական խորհրդի նախագահ Սահակ Մաշալյանը, Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի ղեկավար Պետրոս Շիրինօղլուն, Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի նախագահ Սարգիս Քյուլեգեչը և Արամ Աթեշյանը:
Աթեշյանը հայտնել է, որ հանդիպմանը, որի մանրամասները երկար ժամանակ չէին բացահայտվում, Ստամբուլի նահանգապետը հայտնել է, որ իշխանությունները չեն ընդունում Բեկչյանին և որևէ խնդիր չեն առաջացնի պատրիարքի ընտրության անցկացման համար, եթե Բեկչյանը հրաժարական տա և նախընտրական գործընթացում պատրիարքարանը վերադառնա սկզբնական կետին:
Նրա պնդմամբ՝ նահանգապետարանի այս պահանջի մասին քաջ տեղյակ են նաև հանդիպման մյուս մասնակիցները՝ Եկեղեցական խորհրդի նախագահ Սահակ Մաշալյանն ու պատրիարքի ընտրության կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի նախագահ Սարգիս Քյուլեգեչը:
«Գործընթացը, որը կարող է անցկացվել միմիայն պետության հետ համագործակցությամբ, ո՞վ կարող է հաջողությամբ ավարտին հասցնել՝ ե՞ս, թե՞ պետության կողմից չճանաչված տեղապահը», - ասել է Աթեշյանը՝ «խեղճուկրակներ» անվանելով պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամներին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պոլսո Հայոց պատրիարքությունը պատասխան էր հղել Արամ Աթեշյանի՝ հայաստանյան այցի ժամանակ լրագրողների հետ կայացած հանդիպմանը հնչեցրած մի շարք աղմկահարույց հայտարարությունների առնչությամբ:
Տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, նշվել էր. «Եթե նա իսկապես այդքան կարևոր ու օգտակար գործեր է արել՝ ինչո՞ւ ժողովուրդը նրան տեր չկանգնեց: Ինչո՞ւ ժողովուրդը նրա այդ ծառայությունների մասին չի խոսում: Եվ ինչո՞ւ նրա հոգևոր եղբայրները պատրիարքի տեղապահի դռնփակ ընտրության ժամանակ խնայեցին նրան տրվելիք ձայներն ու նախընտրեցին ձայն տալ մի հոգևորականի, որին ավելի քիչ էին ճանաչում»:
Նշենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված էր ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:
2016թ.-ի հոկտեմբերի 26-ին Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարել է պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին անգործունյա ճանաչելու որոշման մասին, ինչը ենթադրում է նոր պատրիարքի ընտրության մեկնարկ, որի համար անհրաժեշտ էր նախ ընտրել Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահ, որը կղեկավարեր ընտրական գործընթացը:
2017թ.-ի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրություն: Ընտրություններում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հաղթած Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, չնայած Աթեշյանի ու պետության կողմից միջամտություններին, ստանձնեց Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնը և արդեն ձեռնամուխ է եղել պատրիարքի ընտրությունների կազմակերպմանը։
Դեռևս օգոստոսին նախաձեռնող խումբը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին Բեկչյանի գլխավորությամբ Ստամբուլի նահանգապետարանին է հանձնել պատրիարքի ընտրությունների անցկացման մասին դիմումը՝ առաջարկելով դրանք անցկացնել դեկտեմբերի 13-ին: Նահանգապետարանը պետք է պատասխան հղեր համայնքին մինչև հոկտեմբերի 9-ը, սակայն սպասված պատասխանը մինչ օրս չկա:
Լուսանկարները՝ Asekose.am-ի. հեղինակ՝ Դավիթ Գալստյան
Կարդացեք նաև՝ Ամեն «հայ եմ» ասողին պիտի հավատա՞ս...Արամ Աթեշյան