«Վերջին շաբաթվա ընթացքում ուժեղ քամիները մեծ վնաս են հասցրել Բյուրականի աստղադիտարանին: Գեղեցիկ ծառերից ոչինչ չի մնացել: Եղևնիներ կային, որոնց մի մասը ջարդվել է, մյուսը՝ արմատներով դուրս է եկել, քանդվել են նաև շենքերի տանիքները: Առջևում ձմեռ է, և մենք պետք է արագ վերանորոգենք այս ամենը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:
Asekose.am-ի հարցին, թե որքա՞ն է կազմում վնասի չափը, Հայկ Հարությունյանը պատասխանեց, որ դեռևս դժվարանում է ասել.
«Ցավոք, ոչ մի շինություն չի մնացել, որ տանիքը վնասված չլինի: Դրանք, փաստորեն, ֆինանսական մեծ ծախսեր են, բայց ինձ համար ավելի ցավալին աստղադիտարանի այգու վիճակն է, որ 50-60 տարվա հրաշալի ծառերը, որոնք աստղադիտարանի դիտումների համար նաև հիանալի միկրոկլիմա էին ապահովում, դրանք էլ են տապալվել: Հիմա Բնապահպանության նախարարության հետ բանակցություններ ենք վարում, որ տեսնենք՝ ինչ-որ մի մասը դրանց գոնե հնարավո՞ր է փրկել, թե ոչ»:
Իսկ, թե ո՞վ պետք է փոխհատուցի կրած վնասների համար, Բյուրականի աստղադիտարանի տնօրենը պատասխանեց, որ տեղյակ են պահել ԱԻՆ-ին, ինչպես նաև մարզպետարանին.
«Հիմա տեսնենք, եթե նրանք ինչ-որ ձևով կօգնեն, թող օգնեն, եթե ոչ, ապա մեզ ավելի շատ հետաքրքրում է, որպեսզի թույլ տրվի մեր արտաբյուջետային մուտքերի հաշվին ինքներս վերանորոգենք՝ չընկնենք այսպես կոչված գնումների օրենքների տակ, որը թույլ չի տալիս արագ գործը կատարել։ Եթե այդ օրենքին նայենք, ապա մեր բաց տանիքները ձյան տակ կմնան»,-նշեց Հայկ Հարությունյանը:
Անի Կարապետյան