Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:
Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին Մարտունու ուղղությամբ ՄՄ21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց են տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձինք: Իսկ ապրիլի 3 ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանաբար գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակիչների:
«Գիշերը 2:30-3:00-ն ընկած ժամանակահատվածում ուժեղ պայթյուն լսեցինք ու արագ նկուղ իջանք: Զանգեցի մեր հարևաններին, երեխաներին էլ բերեցին, քանի որ նրանց տներն ավելի բարձր դիրքում էին գտնվում: Մինչև ժամը 5-ը մնացինք այնտեղ:
Հարևաններից մեկը զանգեց, թե թուրքերը գյուղ են մտել, արագ դուրս եկեք: Նստեցինք մեքենան ու հեռացանք: Դեռ Մատաղիս չէնք հասել, երբ սկսեցին այն ռմբակոծել, կարողացանք հեռանալ, իսկ երբ հետ նայեցինք՝ տեսանք, որ տներից արդեն ծուխ է բարձրանում:
Ինչ վերաբերում է Թալիշին, ապա գրեթե ոչինչ չի մնացել գյուղից: Ոչ մի տուն կանգուն չի մնացել»:
Նշենք, որ հայկական կողմը 46 կորուստ ունի, 19 զինծառայող անհայտ կորած է, 122 մարդ` վիրավոր: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել վերահսկողության տակ և զգալի կորուստներ պատճառել հակառակորդին. ապրիլի 15-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ (որոշ տեղեկություններով`զոհերի ու վիրավորների թիվը նշվում է 2000), ոչնչացվել է 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 8անօդաչու սարք, 1ՄՄ 21ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, շփման գծում դադարեցվել է կրակը` Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի` Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածության համաձայն: Ապրիլի 8ին ժամը 15:00-20:00-ն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ կողմերն իրականցրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնք արդյունքում հայտնաբերվել են ՊԲ երկու զինծառայողների մարմիններ:
Անի Կարապետյան
Մանրամասները՝ տեսանյութում