▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը՝ նույնականացման քարտերի վտանգների մասին

Երեկ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը սարսափելի էր համարել  նույնականացման քարտերի գոյությունը: Նրա խոսքով՝  իրականում մարդու մասին շատ մեծ տեղեկություն է ներկայացվելու.

«Միջազգային միգրացիոն կազմակերպության  (ՄՄԿ) տվյալների  պաշտպանության վերաբերյալ ձեռնարկում նշված է, որ լինելու են նաև կենսաչափական գենետիկական տվյալներ.մատնահետքեր, աչքի ցանցաթաղանթ, ձեռքերի կառուցվածք, ԴՆԹ-ի նմուշ, դիմային պատկեր: Գիտե՞ք, որ մատնահետքով կարող են ժառանգական մոլեկուլի խնդիրը լուծել: Եվ, պատկերացրեք՝ հավաքում ենք մեր ազգի ինֆորմացիան, ուրիշ երկրներից էլ նայում են, թե հայերի մոտ որ հիվանդությունն է ամենաշատը տարածված ու մտածում են, թե ինչպես զարգացնեն այդ հիվանդությունը»,-ասել էր Խաչիկ Ստամբոլցյանը:

Անդրադառնալով խնդրին՝ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ «Նույնականացման քարտի մասին» ՀՀ օրենքի համաձայն նշված փաստաթուղթը ստանալը կամավոր է.

«Այսինքն, եթե նախկինում  առանց անձնագրի բնակվելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված էր վարչական պատասխանատվություն, այժմ պատասխանատվության նման տեսակ չի գործում: Սակայն,  բնականաբար,  որոշ իրավունքներից օգտվելու համար ստիպված է լինելու ունենալ անձը հավաստող փաստաթուղթ: Նույնականացման քարտում չի ամրագրվում անձի մատնադրոշմը, այն ուղղակի նշված փաստաթուղթը ստանալիս ամրագրվում է բազայում, որպեսզի բացառվի հետագայում այլ անձի կողմից մեկ ուրիշի փոխարեն անձը հավաստող փաստաթուղթ ստանալը: Ինչ վերաբերում է սատանայական պատկերացումներին, կամ մատնադրոշմով ամբողջ ազգի գենետիկական հիվանդություններ կանխորոշելուն, ես դրանք ուղղակի համարում եմ անհիմն վերլուծություններ, որոնք ավելի շատ միտված են խաթարելու նորմալ գործընթացները»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more