Դերասանուհի Նարինե Ոսկանյանը, ով առավել հայտնի է Պաուզա Անո անվամբ, մի քանի օր առաջ Բաղրամյան պողոտայում ոստիկանության և Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցուցարարների միջև տեղի ունեցածը բախմանը շատ բացասաբար է վերաբերում:
Asekose.am-ի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ ոստիկանության բիրտ գործողությունները սխալ էին, քանի որ ոստիկանը ոչ թե պետք էր իր ժողովրդի վրա ձեռք բարձրացնի, այլ՝ նրան պաշտպանի ամեն վատ երևույթից:
«Այդ մարդիկ ի՞նչ է, հանցագո՞րծ էին: Ոստիկանները շատ սխալ պահեցին իրենց: Ինչ է այդ մասին մտածում ոստիկանապետը, չգիտեմ»,-ասաց դերասանուհին:
Պաուզա Անոյի խոսքով՝ Հայաստանում ամեն ինչ թանկանում է, ինչն էլ դրդում է մարդկանց՝ երկիրը լքեն:
«Ես շատ վատ եմ վերաբերում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը: Ինչքան կարելի է թանկացնել, թանկացնել, երբ մարդիկ հացի, ապրելու միջոց չունեն: Միայն էլեկտրաէներգիան չէ. խանութները մտնում ես մի օր մի գին է , հաջորդ օրը մտնում ես, գինը բարձրացվել է: Այս ամենը հանգեցնում է նրան, որ ժողովուրդը այստեղ չապրի, թողնի գնա»,-նշեց նա:
Դերասանուհին, սակայն, այս հարցում լավատեսական կարծիք չունի: Ըստ նրա՝ սակագինը չի փոխվի.
«Այսքան ժամանակ ինչ ուզեցել՝ արել են: Ո՞վ է ժողովրդին լսել. ոչինչ չի փոխվել ժողովրդի պահանջով: Միայն մի անգամ տրանսպորտի ուղեվարձը բարձրացրեցին, հետո՝ իջեցրեցին: Բայց հոսանքի գինը, կարծում եմ, չի փոխվի»,- ասաց Պաուզա Անոն: