▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որտեղ են թաքնված կոռուպցիայի իրական արմատները

Հետաքրքիր է, կա Հայաստանում մարդ, ով չի բողոքում «ԿՈՌՈւՊՑԻԱ» երևույթից: Դժվար գտնվեն այդպիսիք. կոռուպցիայից բողոքում են բոլորը՝ անգամ ամենակոռուպացված մարդիկ, և դա բնական է: Բայց ինձ հետաքրքրում է միանգամայն այլ բան. երբևէ մտածել եք, թե որտեղ են թաքնված կոռուպցիայի իրական արմատները. մեղավոր են փող վերցնողները, թե փող տվողները և որտեղ պետք է փնտրել փող տալու սովորույթի իրական արմատները մեր օրերում...

Իմ սերնդի յուրաքանչյուր ներկայացուցիչ իր կյանքում գոնե մեկ անգամ բախվել է դպրոցում փող հավաքելու «սովորույթի» հետ. խոսքը բնավ չի վերաբերում էքսկուրսիաներին և աշակերտական այլ միջոցառումների համար փող հավաքելուն, խոսքը վերաբերվում է ուսուցչուհիներին, դասղեկին, տնօրենին ծաղիկ, բուկետ, «մարտի 8-ի նվեր», քննության համար «կոֆեի սեղան» և այլ նմանատիպ «մինիկոռուպցիոն ակցիաների» համար նախատեսված դրամահավաքներին: 

«ՄԻՆԻԿՈՌՈւՊՑԻՈՆ», որովհետև  հենց այդպիսի ակցիաներն էլ, ըստ իս, հանդիսանում են մեր կոռուպացված հասարակության արմատները: Բացատրեմ. Դպրոցում սովորող աշակերտը չունի ձևավորված արժեհամակարգ, և հենց այդ տարիքում էլ հիմնականում ծնողների, դպրոցի և շրջապատի ազդեցության միջոցով ձևավորվում է այն անհատը, ում մենք ամբողջովին տեսնում ենք արդեն հասուն տարիքում: Պատկերացրեք ինչպիսիս կործանարար ազդեցություն կարող է ունենալ 3-4 դասարանի աշակերտի համար այն փաստը, որ իր ծնողը գումար է տալիս քննության ժամանակ «կոֆեի սեղան» գցելու համար, որպեսզի դասղեկը «քաղցր աչքով» նայի իր երեխային: չէ որ այս երևույթը դպրոցում տարածված «կոռուպցիոն միջոցառումներից» ամենատարածվածն է, ամենափոքրը, բայց ամենակործանարարը... Չէ որ այսօր անգամ կան այնպիսիք, ովքեր գումար են հավաքում ոչ միայն «կոֆեի սեղանի» համար, այլ նաև«հացի սեղանի»... Եվ դա արվում է չափազանց գրագետ. հայտարարվում է ծնողական ժողով, որին ինչ-ինչ պատճառներով ներկա չի լինում դասղեկը, և ծնողկոմիտեն սկսում է թվել այդքան անհրաժեշտ «կոֆեի սեղանի» բոլոր բաղադրիչներն ու դրանց գները... 

Ինչ եք կարծում, ծնողկոմիտեն առանց դասղեկի իմացության կհամարձակվեր դասարանում կազմակերպել ծնողական ժողով...

Հարգելի ուսուցիչներ, չէ որ Ձեզ է վստահված մի ամբողջ սերնդի արժեհամակարգի կերտում, ինչպես կարելի է այդքան էժանագին «կոֆեի սեղանով» կործանել այդ արժեհամակարգը... Չէ որ երեխան տեսնում է, որ իր ծնողը գումար է տալիս, որ Դուք «քաղցր աչքով» նայեք իրեն և ինչ-որ տեղ բարձրացնեք իր գնահատականը... Չէ որ երեխան տեսնում է, և նրա դեռ չձևավորված արժեհամակարգում դա դառնում է անխախտելի սկզբունք... Միթե կարելի է մի ամբողջ դասարանի՝ դպրոցի, սերունդի մեջ դաստիարակել այն փաստը, որ «կոֆեի սեղանով» կարելի է հասնել նրան, ինչում դու թերացել ես...

Հ.Գ. Հարգելի Պարոն Աշոտյան, ուզում եմ համոզված լինել, որ ամեն ինչ անում եք, նման «կոֆեի սեղանների», բուկետների ու նվերների առկայությունը կանխելու և մեր դպրոցականների արժեհամակարգի փչանալը կանխելու համար...

Հ.Գ.2 Հարգելի ծնողներ, մի մասնակցեք այնպիսի «կոռուպածին» ակցիաների, որոնք Ձեր երեխայի մեջ կդաստիարակեն ապագա «փող տվողի»...

Գոռ Գեղամյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more