Armlur.am-ը գրում է. Ապրիլի 9-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն ՏերՊետրոսյանինը: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը: Շուրջ մեկ ժամ տևած զրույցը բացառապես վերաբերել է Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին և այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը:
Այս իրադարձության ֆոնին հանրության մոտ տրամաբանական հարց է առաջանում` իսկ որտե՞ղ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը ևս, որ արդեն ավելի քան մեկ շաբաթ ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածություն է:
ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից փորձեցինք պարզել` նախատեսվո՞ւմ է արդյոք Սարգսյան-Քոչարյան հանդիպում, առաջարկ եղե՞լ է, թե՞ ոչ: Ի պատասխան` Սողոմոնյանը նշեց.
«Այս հարցով արդեն բազմաթիվ զանգեր եմ ստացել: Մինչև օրվա վերջ կփորձեմ արձագանքել»:
Մեր հարցին` ի վերջո, ի՞նչ դիրքորոշում ունի ստեղծված իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը, ո՞րն է ըստ նրա լուծումը, Սողոմոնյանը կրկին խոստացավ մինչև օրվա վերջ պատասխանել.
«Ես կփոխանցեմ պարոն Քոչարյանին հարցերը»,- եզրափակեց ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավարը:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում