Օրրանն արդեն 25-րդ տարին շարունակ նշում է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը
Արդեն քառորդ դար Օրրանը սիրով և խանդավառությամբ նշում է հունիսի 1-ը՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը։ Այս տարի ևս Օրրանի բակը զարդարված էր գունավոր փուչիկներով, և այն լի էր ուրախ երգ ու պարով։
«Արմենիա Մարրիոթ» հյուրանոցի խոհարարական անձնակազմն ու աշխատակիցները հոգացել էին բոլոր պատրաստությունները՝ ավանդույթ դարձած համեղ բուրգերները պատրաստելու համար։ Օրվա շեֆ խոհարարը Օրրանի հենասյուն, գործարար Ռալֆ Յիրիկյանն էր։ Նրան էին միացել նաև Օրրանի հյուրերը և իզուր չէ որ այդ սիրով պատրաստած բուրգերները մեր սաների ամենասիրելի ուտեստներից են։
Ողջ օրվա ընթացքում հյուրերի հոսքը շարունակվում էր։ Երեխաներին շնորհավորելու էին եկել Օրրանի ընկերները՝ ճանաչված արտիստներ, հեռուստատեսության դեմքեր, հանրային գործիչներ և մարզիկներ՝ նրանց թվում Էվելինա Շահիրյանը, Նաիրա Շահիրյանը, երգչուհի Նառան, Թամարա Պետրոսյանը, նկարիչ Աշոտ Յանը, Գոհար Իգիթյանը, Նազիկ Ավդալյանը և շատ այլ սիրված հյուրեր, ովքեր իրենց ներկայությամբ օրն ավելի հիշարժան դարձրին մեր սանների համար։
Օրվա համեղ հյուրասիրությունը սիրով ապահովել էին «Տաշիր Պիցցա» պիցցերիաների ցանցը, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն և «Թամարա» ընկերությունը՝ օրը հարստացնելով համեղ ուտեստներով, զովացուցիչ ըմպելիքներով և քաղցրահամ պաղպաղակով։