▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որքա՞ն մարդ է ապրում Հայաստանում.պաշտոնական

«2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը մեր երկրում կազմել է 2 մլն 998 հազար 600 մարդ: Նախորդ տարվա համեմատ՝ բնակչության թվաքանակը նվազել է շուրջ 12.000-ով կամ 0,4 տոկոսով: Նվազումն արձանագրվել է միգրացիայի -26.000 ցուցանիշի և բնական շարժի շուրջ 14.000 մարդու՝ ծնունդների և մահերի տարբերության արդյունքում»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Նրա փոխանցմամբ՝ կենդանի ծնվածների ցուցանիշը երկրում 2015թ. կազմել է 41.815, այսինքն՝ յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով շուրջ 14 երեխա է ծնվել: Նախորդ տարվա համեմատ այստեղ ևս նվազում կա 0,4 կետով: Ծնելիության ամենաբարձր ցուցանիշը Երևանում է՝ 14.9 տոկոս, որին հաջորդում են Արարատի, Շիրակի և Կոտայքի մարզերը: Մնացած մարզերում արձանագրվել է միջին հանրապետականից ավելի ցածր ցուցանիշ: Ծնելիության ամենացածր ցուցանիշը Սյունիքի մարզում է.1000 բնակչի հաշվով ծնվել է 10 երեխա:

Անդրադառնալով մահվան դեպքերին՝ ԱՎԾ ժողովրդագրության բաժնի պետը նշեց. «Նախորդ տարի արձանագրվել է 27. 835 մահվան դեպք: 2014-ի համեմատ մահվան դեպքերն ավելացել են 0,4 տոկոսով: 1000 բնակչի հաշվով 9 և ավելի մահվան դեպք է արձանագրվել: Ամենաբարձր ցուցանիշը Լոռիում է, ամենացածրը՝ Գեղարքունիքում: Գերակշռել են արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, չարորակ նորագոյացոթյուններից, արտաքին պատճառներից՝ թունավորում, վթար, շնչառական, մարսողական օրգաններից մահացության դեպքերը»:

2015թ.-ին ամուսնացել է 17.603 զույգ, 2014-ի համեմատ նվազում կա 6,9 տոկոսով: Ամուսնալուծությունները նույնպես նվազել են. գրանցվել է 3669 դեպք, մինչդեռ 2014-ին ունեինք 4496 դեպք.

«1000 բնակչի հաշվով մեկ ամուսնալուծության դեպք է գրանցվել: Ամենաբարձր ցուցանիշը Լոռու մարզում է, հետո գալիս է Երևանը»,-հայտնեց Կարինե Կույումջյանը:

Դրական նվազումներից է նաև երեխաների մահացության դեպքերի կրճատումը՝ 0-1 և 0-4 տարեկանների դեպքում:

2015թ.հունվար-դեկտեմբերին սահմանին մուտքերի և ելքերի 5 մլն 462.000 գրանցում է եղել:

«2015-ի 2-րդ կիսամյակում մեր երկրում ապաստան է հայցել 160 մարդ, 32-ի դեպքում դիմումները մերժվել կամ կասեցվել են: Փախստականի կարգավիճակ է տրվել 130 մարդու, իսկ այդ կարգավիճակից զրկվել են 26-ը»,-հայտնեց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more