▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որն է եղել Երևանում մատուցողուհու դաժան սպանության պատճառը. նոր մանրամասներ

Փաստինֆո-ն գրում է.

Մատուցողուհու սպանության աղմկահարույց գործով այսօրվա դատական նիստում ամբաստանյալ Դավիթ Թամրազյանը հերքեց մեղադրանքը՝ ինքը չի սպանել Մարիամին, երբևէ չի եղել սպանության վայր դարձած նրա տանը: Ամբաստանյալը հերքեց նաև իր դեմ առանցքային վկա Միլենայի տված ցուցմունքները՝ նշելով, որ դրանք սուտ են և չեն համապատասխանում իրականությանը: 

Ըստ Դավիթ Թամրազյանի, սկզբից մինչև վերջ իրականությանը չի համապատասխանում նաև իր իսկ որպես կասկածյալ տված ինքնախոստովանական ցուցմունքը: Այն, ըստ ամբաստանյալի,  քննիչներն իրեն թելադրել են, ինքն էլ գրել է, քանի որ հակառակ դեպքում ոստիկանության բաժնում իրեն սպառնացել են՝ «մայրդ ու քույրդ կողքի սենյակում են, ու դու իրենց ձայնը կլսես»: Նույն այդ պատճառով նույնպես քննիչի թելադրանքով, ըստ Դավիթ Թամրազյանի, մեղադրանք առաջադրելու պահին ինքը հրաժարվել է պաշտպանից՝ հայտարարելով, որ իր պաշտպանությունն ինքնուրույն կիրականացնի:  Դ.Թամրազյանը իր հարազատների նկատմամբ բռնության սպառնալիքի ազդեցության տակ իրեն մեղավոր է ճանաչել ու պաշտպանից  հրաժարվել նաև դատարանում, երբ քննվում էր խափանման միջոց կալանավորումն ընտրելու հարցը:

Դ.Թամրազյանի պաշտպան, փաստաբան Կրոմվել Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ոստիկանության բաժնում ճնշումներին՝ ծեծին ու էլեկտրաշոկին,  իր պաշտպանյալը դիմացել է, նա տեղի է տվել միայն այն բանից հետո, երբ իրեն զգուշացրել են՝  դու դիմացար, բայց մայրդ ու քույրդ կողքի սենյակում են, ու դու իրենց ձայնը կլսես, ինքն էլ ասել է՝ «ինչ ուզում եք՝ կանեմ, միայն թե հիվանդ մորս ձեռք չտաք»: Առավել ևս որ իր աչքի առաջ տուժող կնոջ՝ Մարիամի, մորաքրոջն են ծեծել, որից վերջինիս  ուշքը գնացել է:

Փաստաբանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ էլեկտրոշոկի հետևանքով վնասվածքների կարմիր հետքերը քննիչի թելադրանքով մի դեպքում Դ.Թամրազյանը գրել է, որ ինքը ալերգիկ է, այդ հետքերը քորելուց են առաջացել, իսկ մյուս դեպքում՝ փորձագետի մոտ,  գրել է. «Ես ներվային եմ, մեր տանը կատարված քննչական գործողության ժամանակ ես քորել եմ ինքս ինձ»: Դրանց հակառակ դատաբժիշկը եզրահանգել է՝ դրանք հարվածի հետևանք են:

Ըստ Կ.Գրիգորյանի, գործի նյութերով հաստատվում է, որ Դավիթ Թամրազյանը դեպքի վայրում չի եղել, ընդ որում հաստատվում է ամբաստանյալին տեղափոխած տաքսիստի ցուցմունքի համակցությամբ: Գործի ելքով չշահագրգռված վկան՝ տաքսիստը, ինչպես և Դավիթ Թամրազյանը, ցուցմունք է տվել, որ ամբաստանյալն իրեն հինգ հազար դրամ է տվել, ինքը մանր չի ունեցել, տարածքում գտնվող հացի արտադրամասում գումարը մանրել է, բերել տվել է  ամբաստանյալին և քանի որ անձրևային եղանակ է եղել, Դավիթը մնացել է տաքսի մեքենայի մեջ մինչև որ պայմանավորված այդ տեղը մեկ այլ տաքսի մեքենայով հասել է Միլենան՝ Թամրազյանը մի տաքսի մեքենայից դուրս է եկել նստել Միլենայի զբաղեցրած տաքսի մեքենան: Այդպիսով, ըստ պաշտպանի, հերքվում է Միլենայի ցուցմունքն առ այն, որ Դավիթը շենքերի միջև վազելով, հևիհև, շփոթված եկել է ու նստել իր զբաղեցրած տաքսի ավտոմեքենան:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more