▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օլիգարխների պոչը թողեք. Կոմիտաս վարդապետի խորհուրդը

Որոշ ժամանակ առաջ ներկայացվեց Կոմիտասի անվան զբոսայգում կառուցվող եկեղեցու մակետը, իսկ դրանից հետո տեղի ունեցավ Սևանի և Արտաշատի նորակառույց երկու եկեղեցիների օծման արարողությունը, ինչը զայրութ առաջացրեց շատերի մոտ:  Asekose.am-ի թղթակիցը եկեղեցաշինության վերաբերյալ զրուցել է Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հետ:

-Սրբազան, հանրությունը սկսել է  քննարկել և քննադատել եկեղեցաշինությունը: Նրանց խոսքով եկեղեցիները մեզ պես քիչ բնակչություն ունեցող և փոքր երկրում բավականին շատ են և նոր եկեղեցիներ կառուցելու փոխարեն, ասում են, որ այդ գումարներով կարելի է օգնել զինված ուժերին կամ գործարաններ բացեն: Ինչպե՞ս եք վերաբերվում այս խոսակցություններին:

-Եկեղեցի կառուցելը խնդիր է, բայց որ ամեն քայլափոխի աղանդավորական տաճարներ են կառուցում ոչ ոք ոչինչ չի խոսում: Շամպայնի գործարանի վերեւում տասնյակ միլիոների հասնող կառույց կառուցեցին, ոչ ոք ձայն չհանեց: Հիմա հայ եկեղեցին իր ժողովրդի հոգեւոր սպասարկման համար ինչ-որ եկեղեցի է կառուցել, դժգոհ են եկեղեցու գործունեությունից: Ամեն մեկի զառանցանիքն մենք պետք է ընթացք տանք: Զինված ուժերը պետության խնդիրն է եւ ոչ թե եկեղեցու: Մարդիկ չգիտեն անգամ, որ օրենքով եկեղեցին պետությունից անջատված է:

-Եկեղեցին ապահովու՞մ է աշխատուժ:

-Ամեն ինչ չէ, որ աշխատուժ է: Եկեղեցին աղոթքի տեղ է: Մենք ամեն ինչը դարձրեցինք աշխատուժ, որ այսօր անբարոյականության ճանապարհը բռնած այլասերվում է մի ամբողջ ժողովուրդ: Եկեղեցու ֆինանսն այն է, որը բարերարները հատկացնում են այս կամ այն կառույցն իրականացնելու համար:

-Նորմա՞լ եք վերաբերվում, որ օլիգարխներն են եկեղեցի կառուցում:

-Օլիգարխների պոչը թողեք, նրանք առաջին հերթին մարդ են: Օլիգարխը ձեւավորվում է այն ժամանակ, երբ օրենքը դադարում է օրենք լինելուց եւ վերածվում է ամենաթողության: Ոչ թե եկեղեցի կառուցելուց բռնվեք, այլ` օրինապահություն կառուցելուց: Ավելի լուրջ խնդիրներ ունեք. փողոցները քանդում են ու ամիսներով, տարիներով չեն վերանորոգում, մի ամբողջ ժողովուրդ ամբողջ փոշին է կուլ տալիս: Դրա մասին խոսեք, ոչ թե հա եկեղեցի, եկեղեցի… Հո ատոմակայան չե՞ն կառուցելու:

-Եկեղեցաշինությունն այսօր քննադատվում է, քանի որ դրանք հովանավորում են հեղինակազրկված անձինք:

-Հիշեք Զաքիոսի պատմությունը, երբ որ գնաց եւ Հիսուսին ասաց, որ ես պատրաստ եմ աղքատներին օգնել, Հիսուսն ասաց, որ այս տունն այսօր փրկություն իջավ, որովհետեւ սրանք էլ Աբրահամի զավակներն են: Նույն ձեւով էլ, եթե մարդն անօրենություն է գործում, եկեղեցին չէ, որ իր անօրենության համար պատժի: Եկեղեցին մարդու փրկության համար է, ոչ թե խաչ հանելու: Եթե այդ մարդն օրինապահ չէ, թող իրավապահները նրանցով զբաղվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more