«Առաջիկայում ամենաշոգ օրերը կլինեն օգոստոսի 15-ը և 16-ը, երբ օդի ջերմաստիճանը կտատանվի 40-41 աստիճանի սահմաններում, բացի այդ՝ սպասվում է նաև գիշերային ջերմաստիճանի բարձրացում.ջերմաստիճանը 27-28 աստիճանից չի նվազի: Եվ, առավոտյան հնարավոր է՝ 3 ժամ 40-41 աստիճան լինի: Օգոստոսի 17-ին և 18-ին օդի ջերմաստիճանը 1-2 աստիճանով կնվազի՝ տատանվելով 39-40 աստիճանի սահմաններում, 19-ին կբարձրանա և մինչև 21-ը կտատանվի 40-41 աստիճանի սահմաններում»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով՝ տարին աննախադեպ էր շոգերի տևողության առումով, իսկ օդերևութաբանական պատմության մեջ Հայաստանում վերջին 170 տարիների ընթացքում նման տևական շոգեր չեն եղել:
«Հուլիս-օգոստոս ամիսներին ունեցել ենք 3 խոշոր ջերմային ալիք, որոնք մեր Հանրապետության տարածք են թափանցել հիմնականում Սաուդյան Արաբիայի տարածքից: Առաջին ջերմային ալիքը սկսվել է հուլիս 1-ից և տևել է մինչև հուլիսի 10-ը և օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում և մայրաքաղաքում տատանվել է 39-40, իսկ առանձին օրերին Երևանում գրանցվել է մինչև 41 աստիճան տաքություն: Երկրորդ ջերմային ալիքը սկսվեց հուլիսի 25-ից և տևեց մինչև օգոստոսի 6-ը:Օդի ջերմաստիճանը կրկին 39-40 աստիճան բարձրացավ, իսկ Մեղրիում գրանցվեց մինչև 42 աստիճան տաքություն:Հաջորդ ջերմային ալիքը սկսվեց օգոստոսի 10-ին՝ Հայաստան ներթափանցելով Իրաքի տարածքից: Ամենաշոգը կլինեն Սյունիքի հովտային գոտիները՝ օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 42 աստիճան, Արարատյան դաշտում՝ 40-41 աստիճան կլինի, իսկ ամենազով հատվածներն են՝ Լոռին, Շիրակը, Գեղարքունիքը, Վայոց Ձորի լեռանային շրջանները: Չնայած, պետք է ասեմ, որ Գյումրիում երեկ գրանցվել է 36 աստիճան տաքություն, որն առավելագույնն է: Այսինքն, ծովի մակերևույթից 1500մ բարձր գտնվող շրջանների համար սա կատաստրոֆիկ ջերմաստիճան է: Երևանյան շոգը պատմական է իր տևողության առումով, իսկ ռեկորդը՝ 42.0 աստիճանը, որը գրանցվել է 2010 թ. օգոստոսի 3-ին, դեռևս չենք գերազանցել: Շոգերը գիտնակաների մեծ մասը կապում է կլիմայի փոփոխության, մարդու գործունեության հետ»,-եզրափակեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը:
Անի Կարապետյան