Օդեսայում ընտրատեղամասերից մեկի մոտ ոստիկանները ձերբակալել են «Աստղային պատերազմները» ֆիլմից Չուբակկայի կոստյումով իրավախախտին:
«Պերվի գորոդսկոյ» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Չուբակկան եղել է քաղաքային խորհրդի պատգամավորի թեկնածուներից Դարտ Վեյդերի թիմի մեքենաներից մեկի ղեկին: Իրավապահներն անհայտ անձին խնդրել են ներկայանալ, սակայն նա հրաժարվել է փաստաթուղթ ներկայացնել եւ ինքնակամ ոստիկանության բաժանմունք գնալ: Իրավապահները ստիպված են եղել ուժ կիրառել:
Միջադեպից հետո Դարտ Վեյդերն ասել է, որ Չուբակկան ընտանի կենդանի է, որը գրանցման վայր չունի:
Վերջին տարիներին «Աստղային պատերազմները» ֆիլմի կերպարը մեծ ժողովրդականություն է վայելում Ուկրաինայում: Հոկտեմբերի սկզբին Օդեսայի քաղաքային ընտրական հանձնաժողովը տեղական ընտրություններում Դարտ Վեյդեր անուն-ազգանունով 44 թեկնածուի է գրանցել, իսկ սեպտեմբերի Ուկրաինայի արդարադատության նախարարությունը պաշտոնական կարգավիճակ է տվել «Դարտ Վեյդերի բլոկ» կուսակցությանը:
Դարտ Վեյդերը Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմների» գլխավոր հերոսներից է: