«Ոչ միայն Թուրքիայից, այլև արտասահմանից ներկրվող բոլոր գյուղատնտեսական մթերքներն ու սննդամթերքները Հայաստանում չեն վերահսկվում: Օրինակ՝ Թուրքիան, գիտենք, որ Ադրբեջանի հովանավորն է, որն էլ ցանկանում է մեզ խեղճացնել և՛ տնտեսական, և՛ քաղաքական առումով: Չեմ բացառում, որ ներկրվող ապրանքում կարող են նյութեր լինել, որոնք օրգանիզմի վրա բացասաբար կազդեն: Ասենք՝ վերարտադրողական ֆունկցիայի նվազեցմանը կարող են ուղղված լինել: Ստացվում է՝ արկածախնդրության ենք դիմում՝ ամենը թողնելով բախտի քմահաճույքին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի գյուղդեպարտամենտի ղեկավար Լևոն Աճեմյանը՝ հավելելով.
«Շատ երկրներ սննդամթերք են արտադրում՝ տարբեր մակարդակներով.տեղական իրացման, զարգացած երկրների և երրորդ մասն էլ՝ մեզ նման «բառադի» երկրների համար, քանի որ գիտեն՝ վերահսկողություն չկա: Օրինակ՝ մարգարինի վրա տրանսճարպերի քանակությունը գրված չէ: Դրանք օրգանիզմի համար ահավոր վտանգավոր են: Ախր, պետք է ցույց տանք, որ ազգային արժանապատվություն ունենք, այսպես չի կարելի»:
Նրա խոսքով՝ վտանգավոր են նաև Հայաստանի մթերքները.
«Գյուղատնտեսական արտադրանքը չի վերահսկվում թունանյութերի, ծանր մետաղների, նիտրատների տեսանկյունից: Ով ինչ ուզում՝ անում է.դիցուք՝ սրսկելը»,-ասաց Լևոն Աճեմյանը:
Անի Կարապետյան