ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն այսօր ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակում համագործակցության հարցեր են քննարկել։ Այդ մասին նշված է Ռուսաստանի Պետդումայի կայքում։
Նոյեմբերի 4–ին Վոլոդինն աշխատանքային այցով ժամանել է Երևան։ Պետդումայի խոսնակը նոյեմբերի 5–ին կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստին` որպես վեհաժողովի նախագահ։ Բացի դրանից, նա երկկողմ հանդիպումներ կանցկացնի Հայաստանի մայրաքաղաքում։
Ինչպես նշել է Միրզոյանը, ՀԱՊԿ ԽՎ արտագնա նիստ առաջին անգամ է անցկացվում, և դա նշանակալի իրադարձություն է։
«Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ և դաշնակիցներ են», – ասել է նա։
Միրզոյանի խոսքով` հայկական կողմը լուրջ նշանակություն է տալիս մյուս երկրների հետ խորհրդարանական համագործակցության զարգացմանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գալիք նիստի օրակարգը։
Վոլոդինի կարծիքով` թեմաները, որոնք քննարկվելու են Երևանում, ավելի շատ կհամախմբեն կողմերին, որովհետև դրանք վերաբերում են ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության կազմակերպմանը։
Վոլոդինը նշել է, որ երկրների առջև ընդհանուր մարտահրավերներ են ծառացած, և պետք է համատեղ ջանքերով պայքարել դրանց դեմ։ Մասնավորապես, դա վերաբերում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին։
«Մեր խնդիրն է հնարավորինս շատ բան անել, որպեսզի կազմվեն ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցուցակներ», – հայտարարել է Պետդումայի խոսնակը։
Հանդիպմանը կողմերը քննարկել են հայ–ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը։
Նշենք, որ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է նաև աշխատանքային այցով եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակներում Հայաստանում գտնվող Ղազախստանի հանրապետության Մաժլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ:
Արարատ Միրզոյանը, ողջունելով հյուրին, արձանագրել է, որ Հայաստանն ու Ղազախստանը վերջին շրջանում հաջողությամբ զարգացնում են հարաբերությունները տարբեր ոլորտներում եւ ընդգծել է, որ երկկողմ հարաբերություններում Հայաստանը շատ կարեւոր դեր է տալիս միջխորհրդարանական համագործակցությանը: Արարատ Միրզոյանը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը կարեւորում է հարաբերությունների զարգացումը ինչպես երկկողմ ձեւաչափում, այնպես էլ միջազգային խորհրդարանական տարբեր կառույցներում: Նա նաեւ նշել է, որ ՀԱՊԿ խորհրդարանական Վեհաժողովը իր գոյության ընթացքում արդյունավետ հարթակ է դարձել կոլեկտիվ անվտանգության ոլորտում համագործակցության պայմանագրաիրավական դաշտի զարգաման եւ կատարելագործման համար եւ վստահ է, որ երկու երկրները կշարունակեն ջանքերը՝ խնդիրներին լուծումներ գտնելու համար:
Նուրլան Նիգմատուլինը բարձր է գնահատել Ղազախստանի հայ համայնքի դերը, որը մեծ ներդրում ունի իրենց երկրի տնտեսության, մշակույթի մեջ: Նա նշել է, որ սա իր առաջին այցն է Երեւան, տպավորված է ջերմ ընդունելությամբ եւ ցանկանում է շրջել Երեւանում, ծանոթանալ տեսարժան վայրերին: Ղազախստանի նախագահը նաեւ նշել է, որ երկու երկրները պետք է ամրապնդեն համագործակցությունը միջազգային հարթակներում եւս եւ կարեւորել է ինչպես պաշտոնական համագործակցությունը, այնպես էլ՝ միջանձնային: Նա վերահաստատել է նախկինում արած հրավերը եւ Արարատ Միրզոյանին պաշտոնական այցով հրավիրել Ղազախստան: