▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ՝ բազմաթիվ վնասվածքներ ստացած և հիվանդանոցի բակում թողնված երիտասարդի մասին

Armlur.am-ը գրում է.

Փետրվարի 29-ին, կրակոցների հերթական դեպքն է գրանցվել մայրաքաղաք Երևանում: Ըստ նախնական տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել Աճառյան փողոցից դեպի Ավանի հոգեբուժարան տանող ճանապարհահատվածին, որտեղ ավելի ուշ հայտնաբերվել է 7 պարկուճ:

Ինչպես հայտնի է՝ հրազենային վիրավորում ստացած 25-ամյա Արթուր Գևորգյանը գտնվել է հոգեբուժարանի մոտակայքում: Նա ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղից ArmLur.am-ին հայտնեցին, որ հիվանդի վիճակում էական փոփոխություններ չկան, նա դեռևս վերակենդանացման բաժանմունքում է: Նշենք, որ Արթուր Գևորգյանը բազմաթիվ վնասվածքներ է ստացել ձեռքերի, ոտքերի, կրծքավանդակի աջ թուլակողի հատվածներում:

ArmLur.am-ին տուժածի հարևանները հայտնեցին, որ նրա կինն ու մայրը դեռևս տեղեկացված չեն կատարվածի մասին: Մեր զրուցակիցների փոխանցմամբ՝ հարազատները սպասում են Արթուրի՝ հիվանդասենյակ տեղափոխվելուն, որից հետո միայն կհայտնեն կատարվածի մասին:

Արթուրի մայրը՝ տիկին Վարդուշը, վատառողջ է, և տեղի ունեցածի մասին իմանալով՝ նրա վիճակն ավելի կբարդանա: Նշենք, որ Նոր Արեշի 25-ամյա երիտասարդն ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխա՝ ավագը 2 տարեկան է: Նրա կրտսեր եղբորը վերջերս են վիրահատել: Տուժած երիտասարդի մասին հարևանները միայն դրական էին խոսում՝ գովելով նրան և նրա ընտանիքին: Դրկիցները նշում էին նաև, որ Արթուրին բոլորը շատ հարգում և սիրում են, երբևէ նրա մասին վատ բան չեն լսել: Դեպքի մասին հարևանները ոչինչ չէին լսել, համացանցից են տեղեկացել, որ Արթուրը հրազենային վիրավորում է ստացել: Տեղեկություններ կան, որ Արթուր Գևորգյանը դեպքից րոպեներ առաջ մի քանի այլ մարդկանց հետ է եղել, որոնց ասել է, որ պետք է ինչ-որ հանդիպման գնա, սակայն առանց նրանց ուղեկցության: Ապա հնչել են կրակոցները: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more