▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր կառավարություն և հին սպասելիքներ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Հովիկ Աբրահամյանը ու նրա կաբինետը այլևս անցյալում են։ Շուտով կունենանք նոր վարչապետ ու նոր կառավարություն, որը, ըստ ամենայնի, շատ արմատական փոփոխություններ չի կրի նախարարների դեմքերի առումով։
 
Ի՞նչ սպասելիքներ է պետք ունենալ նոր կառավարությունից։ Արդեն հոգնել ենք հրաշքներ սպասելուց։ Անձամբ ես արդեն վաղուց ոչ մի հրաշքներ չեմ սպասում որևէ կառավարությունից։ Ես վստահ եմ, որ Հայաստանը ջերմուկ վաճառելով Շվեյցարիա չի դառնալու, գիտելիքահեն տնտեսություն չի կառուցվելու, դե իսկ երկնիշ տնտեսական աճը շարունակելու է մնալ իրական սիրո պես, որի մասին բոլորը խոսում են, բայց ոչ ոք չի տեսել․․․
 
Սակայն սա չի նշանակում, որ նոր կառավարությունից ոչ մի սպասելիքներ չունեմ։ Ունեմ։ Գուցե դրանք հին են ու մի քիչ էլ ծեծված, բայց միանգամայն իրականալի են։ Ես չգիտեմ, թե ով կլինի նոր վարչապետը ու չեմ շտապում տրվել գուշակությունների ու հավաստի աղբյուրների տեղեկատվությանը, բայց դա էական էլ չէ, քանի որ Վարչապետ ասվածը իդեալում ոչ թե անձ պետք է լինի, այլ ինստիտուտ, թիմ, համակարգ։
 
Ես ակնկալում եմ նոր կառավարությունից 3 հարաբերականորեն հին ու պարզ բան․
 
- Նախարարությունների ու դրանց կից գերատեսչությունների օպտիմալացում։ Մենք չափազանց ուռճացված պետական ապարատ ու չինովնիկների հսկայական բանակ ունենք, որը կարելի է հանգիստ կրճատել։ Ավելին ասեմ․ կարելի է հանգիստ մի շարք նախարարություններ փակել ու /կամ ձուլել միմյանց։
 
- Պետական գնումների ավելի թափանցիկ համակարգ։ Բյուջետային միջոցներից միլիարդավոր դրամներ են փոշիանում հենց այս օղակում։ Ու եթե վերջին տարիներին որոշակիորեն լույս սփռվեց տենդերների, դրանց մասնակիցների ու շահառուների գործողությունների վրա, վերահսկողության առումով գրեթե ոչինչ չի փոխվել։
 
- Ավելի շատ ռեալիզմ և ավելի քիչ պոպուլիզմ։ Նոր Կառավարությունը պետք է ավելի անկեղծ լինի ժողովրդի հետ, որովհետև ինչքան էլ մեզ վստահեցնեն հրապարակային ելույթներով ու տարատեսակ հաշվետվություններով հակառակում, մարդկանց խիստ վրդովվեցնում է, երբ իրենք իրենց մաշկի վրա են զգում, որ տնտեսական վիճակը վատթարանում է, իսկ Կառավարությունը վստահեցնում է տնտեսական աճի մասին։ Անվստահության անդունդը հաղթահարել միանգամից չի հաջողվի երբեք, բայց գոնե վստահության նշույլներ կարելի է ձեռք բերել։
 
Թերևս այսքանն էլ արվի, ես կհամարեմ, որ հարաբերականորեն գոհ եմ նոր Կառավարությունից։

 

 

 

Сохранить

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more