▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նոր Հայաստան»-ի անդամներին ուղեկցում էր ոստիկանությունը

2016 թ. հունիսի 3-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամները Գյումրի և Վանաձոր քաղաքներում հանդիպումներ ունեցան Ճակատի աջակիցների հետ:

Հանդիպումների ընթացքում Քաղաքական խորհրդի անդամները և Ճակատի աջակիցները գնահատեցին Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակը որպես ազգային անվտանգության ճգնաժամ, ինչպես նաև կարծիքներ հայտնեցին այդ ճգնաժամից դուրս գալու անելիքների վերաբերյալ:

Քննարկումների հիմնական առանցքը հակառակորդին ջախջախիչ հակահարված հասցնելուն պատրաստվելու գործողություններն էին: Ներկաները համաձայնեցին, որ նման հակահարված տալու անհրաժեշտ պայմանը համազգային դիմադրության շարժման կայացումն է:

Ներկաները համակարծիք էին նաև, որ նման ծավալներով դիմադրության շարժում կազմակերպելու համար հարկ կլինի ստեղծել հեղինակություն ունեցող անհատներից կազմված կառավարման մարմին և ողջունեցին «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությունը՝ այդ նպատակով Ազգային դիմադրության կոմիտե ձևավորելու և դրա անդամության հավանական թեկնածուների հետ բանակցելու համար Ժիրայր Սէֆիլյանին լիազորելու մասին:

Ինչպես միշտ, «Նոր Հայաստան» ճակատի այս հանդիպումները նույնպես տեղի ունեցան անվտանգության և ոստիկանության աչալուրջ ուղեկցությամբ: Թե՛ դեպի Գյումրի և Վանաձոր ավտոճանապարհներին և թե՛ հանդիպումների վայրերի մոտակայքում Ճակատի քաղաքական խորհրդի անդամներին և Ճակատի աջակիցներին տարբեր ավտոմեքենաներով հետևում էին այդ մարմինների տասնյակ ծառայողներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more