Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արմենչիկի եվ ոչ միայն...
«Երևույթ, որ մեկ բառով կոչում ենք ռաբիզություն, պետական հոգածության կամ առնվազն բարձիթող վիճակի ներքո գտնվող մշակույթն է, որ ամեն օր սերմանվում և ամրապնդվում է գրեթե բոլոր հեռուստաալիքներով հեռարձակվող տարատեսակ ծրագրերով և այլ միջոցներով, որից հետևում է, որ` արմենչիկը մեր հասարակության մի նշանակալի հատվածի հայելին է... Եթե ընդունում ենք, որ ռաբիզության պատվանդանը տգիտությունն է, ապա շատ ներողություն` ինչի՞ հետևանք է` զինվորին իբրև օգնություն առատորեն թույն` որին ծխախոտ ենք կոչում` նվիրելը: Միթե՞ ծխելը տգիտություն և ուրեմն` ռաբիզություն չէ, իսկ ծխում է մեր ազգի գրեթե 1/3-րդ մասը:
Հասկանալի է, այսօր չունենք` Ազգալդյան կամ Մոնթե, որ ոչ թե սպառնալով կամ անպատվելով, այլ` սիրով և գաղափարի ուժով մեր զինվորներին կարողանային հեռու պահել այդ ախտից, բայց գոնե կա իրենց լույս հիշատակը և ապացույցը, որ հենց չծխող ջոկատներն էին գաղափարապես և մարտունակությամբ առանձնանում:
Այսօր մեր զինվորականները չնչին բացառություններով վերից վար ծխող են և ուրեմն` տգետ ու ռաբիզ, իսկ նման մթնոլորտում արմենչիկներն իրենց զգում են ինչպես ձուկը ջրում...
Գտնում եմ, որ զինվորական ծառայությունը հայ քաղաքացու կերտման եզակի դպրոցն է և մեծ ցավ եմ ապրում, որ նույնիսկ մինչ այդ չծխող մեր երեխեքը հենց բանակում են դառնում ծխող, այլ խոսքով ավելի բարձրանալու փոխարեն գաղափարապես ավելի ընկնում են և ռաբիզանում: Մինչդեռ պետք է հակառակը լիներ, որ եթե մեկը մինչև զինվորագրվելն արդեն ապականվել էր այդ ախտով` բանակը պիտի բարձրացներ իրեն...»: