▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նժդեհը ֆիլմերի և արձանների կարիքը չունի, հատկապես այս սուտ-«նժդեհական» իշխանության կողմից

Երեք օր սպասել եմ, մինչեւ որ սա գրեմ: Հայեր, հունվարի 1-ին Գարեգին Տեր-Հարությունյանի՝ Նժդեհի ծննդյան 130-ամյակն էր լրացել: Ես կարծում եմ, որ Եղեռնի հարյուրամյակի ավարտից հետո առաջին իսկ օրն այս մեծագույն Հայի լրացած տարեդարձը խորագույն խորհուրդ պիտի ունենար, պետական մակարդակի տոնակատարությամբ պիտի նշվեր, այլ ոչ թե հերթական ոչնչություններին շքանշաններ բաժանելով ու տոնածառ ու Ձմեռ պապի ձերբակալելով: Ես վաղուց չեմ դիտում ՀՀ հեռուստատեսությունները, սակայն պաշտոնական որեւե լուր, հայտարարություն, հիշատակում, կարծեմ, չի եղել: Եթե սխալվում եմ՝ շտկեք, խնդրում եմ: Վախենամ, որ ճիշտ եմ:
Վեց տարի առաջ լրացել էր մեր մեծագույն արքա Տիգրան Երկրորդի 2150-ամյակը՝ մի տարեդարձ, որը ցանկացած երկրում ազգային հպարտության ու մեծարման առիթ կլիներ: Ես նրան նվիրված մեծ երկմասանոց պատմավավերագրական ֆիլմ էի արել՝ ՛՛Տիգրանակերտ՛՛: Երբ դիմեցի Երեւանի քաղաքապետարան խնդրանքով հովանավորել ֆիլմի dvd տպագրության չնչին ծախսը, որը հավասար էր հրավառությունների ժամանակ չորս-հինգ կրակոցի գումարին, պատասխան ստացա, որ ՛՛Տիգրան Մեծի 2150-ամյակին նվիրված ծախսերը քաղաքային բյհուջեում նախատեսված չեն՛՛: Սա շատ բնորոշ ու բնութագրող է մեր իրականության համար: Մենք այսպես ենք ՛՛պաշտում՛՛ մեր մեծագույն արքաներին ու զինվորներին, արքայի ու զորավարի անուն շռայլելով ամեն մի թափթփուկին: Սրա տակ հատուկ նպատակ ու ծրագիր կա՝ հայերին մշտապես ստրուկի կարգավիճակում պահել եւ թույլ չտալ հիշելու, որ մենք արքաների ու հերոսների ժառանգ ենք եղել:
Նժդեհը ֆիլմերի եւ արձանների կարիքը չունի, հատկապես այս սուտ-՛՛նժդեհական՛՛ իշխանության կողմից, որը շարունակում է բոլշեւիկ Սուրեն Սպանդարյանի արձանը անամոթաբար անվանել Գարեգին Նժդեհի արձան: Նժդեհը շատերին էր խանգարում կյանքի օրոք՝ Թուրքիային, Ռուսաստանին, ՀՀ առաջին հանրապետության վերջին կառավարությանը, դաշնակներին: Նա շարունակում է շատերին խանգարել նաեւ մահից 130 տարի հետո: ԿԳԲ-ին է խանգարում անգամ իր գերեզմանով՝ Վլադիմիր քաղաքի ՛՛ցենտրալ՛՛ բանտի մատույցներում, թեեւ այսօր գերեզմանն էլ այդ ոչնչացված է: Խանգարում է, բնականաբար, իշխանության եկած ՛՛վերջին բոլշեւիկներին՛՛ եւ անվերջանալի կգբ-շնիկների ոհմակին:
Ես իմ համեստ տուրքը Սպարապետին մատուցելու եմ ուշ թե շուտ՝ օր կգա եւ ես միջոց կգտնեմ նկարահանելու ՛՛Ստալին ու Նժդեհ՛՛ վաղուց արդեն նախապատրաստվող ֆիլմս: Երդվում եմ դրանում ասել ճշմարտությունը եւ ոչինչ ճշմարտությունից բացի: Այլ բան արժանի չէ Նժդեհին:

 

Տիգրան Խզմալյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more