▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանի ու նրա կնոջ մասին մասնավոր նամակագրության էկրանապատճենը՝ կալանքի պատճառ

«Ազատություն»-ը գրում է. «Համացանցում արված գրառման համար հերթական քրեական վարույթն է հարուցվել. այս անգամ 55-ամյա մի կին է հայտնվել իրավապահների թիրախում: Փաստաբան Արտակ Մովսիսյանն իր պաշտպանյալի անձնական տվյալները չի հրապարակել, միայն նշել է, որ կինը ախուրյանցի է ու ընդդիմադիր «Մեր ձևով» շարժման համակիր: Կնոջը մեղադրանք է առաջադրվել, դատարանը մեկամսյա կալանք է սահմանել:

«Հրապարակային բռնության կոչեր իրականացնելը և նաև խուլիգանություն, որը կատարվել է համացանցի օգտագործմամբ»,- ասել է Մովսիսյանը:

Ընդ որում՝ փաստաբանը պնդում է, որ ոչ թե հրապարակային գրառում է արվել համացանցում, այլ մասնավոր նամակագրությունն է սքրինշոթ արվել ու համացանցում տարածվել. «Գրառումը, որը հիմք է հանդիսացել քրեական վարույթ նախաձեռնելու և քրեական հետապնդում հարուցելու, հանդիսանում է մասնավոր զրույց՝ մեկ օգտատիրոջ կողմից մյուս օգտատիրոջն ուղարկված հաղորդագրություն: Նամակագրություն, որը հրապարակային բնույթ չի կրել, բայց դա վարույթն իրականացնող մարմնի կողմից դիտվել է` որպես հրապարակային խոսք, հետևաբար նաև հրապարակային` կոչ»:

Թե ով է նամակագրությունը տարածել համացանցում, փաստաբանը դժվարացավ ասել, բացառեց, թե դա իր պաշտպանյալն է արել: Պնդեց նաև, որ դեռ ապացուցված չէ, որ իր վստահորդն է ուղարկել այդ նամակը, բայց նա արդեն կալանքի տակ է:

Ե՛վ Քննչական կոմիտեն, և՛ Դատախազությունն այսօր հրաժարվեցին այս դեպքի մասին տեղեկություն տրամադրել՝ հորդորելով գրավոր հարցում ուղարկել:

Արդյո՞ք ախուրյանցի կնոջ ընդդիմադիր հայացքները կապ ունեն այն հանգամանքի հետ, որ իրավապահները շատ արագ գնացին նրա հետևից. փաստաբանը իրավապահների գործողություններում կաշկանդվածություն նկատել է, բայց ոչ թե իր պաշտպանյալի քաղաքական հայացքների, այլ հրապարակված գրառման մեջ նշված անունների հետ կապված. «Այն, որ այդ գործողությունները կաշկանդված են եղել՝ պայմանավորված գրառման բովանդակության հետ, ակնհայտ է, քանի որ գրառումը կապվում է ՀՀ վարչապետի և նրա ընտանիքի անդամների անվան հետ: Ես կարծում եմ՝ իրավապահ մարմինների կաշկանդվածությունն ակնհայտ էր»:

Թե վարչապետի ու նրա ընտանիքի հասցեին ինչ բռնության կոչ է պարունակել նամակը, փաստաբանը չբացահայտեց՝ պատճառաբանելով նախաքննության գաղտնիությունը: Ամեն դեպքում տարակուսած է, թե միջին ծանրության հանցանքի համար ինչու ընտրվեց ամենածանր խափանման միջոցը՝ բանտային կալանքը:

Արտակ Մովսիսյանի խոսքով՝ իր վստահորդն ավելի վաղ դիմել է դատախազություն, հետո նաև ոստիկանություն, որ իր անվամբ կեղծ էջ է բացվել, և կոնկրետ անձ փորձում է իրեն վնասել: Օրեր առաջ Ախուրյանի ոստիկանություն է գնացել՝ ճշտելու, թե ինչ գործողություններ են ձեռնարկել, նրան հենց այդ ժամանակ էլ ձերբակալել են:

72 ժամը լրանալուց հետո կնոջը մեղադրանք չի առաջադրվել, և ազատ են արձակել, բայց շենքից դեռ դուրս չեկած կրկին ձերբակալել են, այս անգամ արդեն մեղադրանք առաջադրել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more