«Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի պաշտոնավարման ժամկետը լրացել ու «Հայաստանի Հանրապետություն» թերթում հայտարարություն է տրվել նոր մրցույթի մասին: Դե գիտեք, որ բոլորս չէ, որ այդ թերթը կարդում ենք, իսկ մյուս ԶԼՄ-ով այդ հայտարարությունը չի եղել, արդյունքում, այսպես անտեղյակ, հանկարծ տեղեկանում ենք, որ 2 հոգի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել: Մեկը ՑԱՅԳ ՀԸ տնօրեն Մարգարիտա Մինասյանն է, մյուսը՝ Արաքսյա Կիրակոսյանը(մարզպետի օգնական): Երկուսն էլ թատրոնի հետ կապ չունեն, իսկ ՊՈԱԿ-ի մասին օրենքով տնօրենը պետք է ոչ միայն տիրապետի վարչականին, այլեւ ստեղծագործականին: Բոլոր լուծումները տանում են դեպի տնօրենի կնիքը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թատրոնի վաստակավոր դերասան Սուսաննա Բաղդասարյանը՝ հավելելով, որ Մշակույթի նախարարը խոստացել է հարցին դրական լուծում տալ:
Թատրոնի դերասան Արկադի Ղարագուլյանն էլ հավելեց, որ դեռ չգիտեն, թե ինչ է որոշելու նախարարը, բայց իրենք թեկնածուներին հորդորել են դուրս գալ ու թատրոնը չտանել կործանման, քանի որ չեն կարող ղեկավարել այդ մեծ կառույցը, սակայն նրանք անդրդվելի են, վստահ են, որ կարող են աշխատել:
Իսկ, թե ինչո՞ւ նախկին տնօրենը մրցույթին մասնակցելու հայտ չի ներկայացրել, Արկադի Ղարագուլյանը հավելեց, որ վերանորոգում էին իրենց թատրոնի բեմը, դրա համար նախկին տնօրենը զբաղված է եղել և մոռացել էր ժամկետի մասին ու գործերը չի ներկայացրել՝ մրցույթին մասնակցելու համար.
«Մինչև իմացել է, արդեն 18:00-ին 15 պակաս է եղել»,-նշեցին դերասանները:
Անի Կարապետյան