ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ առկա վիճակը և հետագա անելիքները ուսումնասիրելու համար։ Աշխատանքային խմբում ընդգրկված են ինչպես նախարարության, այնպես էլ գործարանի և «Երևան ՋԷԿ-ի» ներկայացուցիչները։ Աշխատանքային խումբը գլխավորում է էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյանը։
Նախարարի հանձնարարությամբ՝ ուսումնասիրելով «Նաիրիտի» ներկա վիճակը, աշխատանքային խումբը կարճ ժամանակահատվածում պետք է ներկայացնի առաջարկություններ՝ գործարանի հետագա զարգացման անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ։
«Եթե բոլորի նպատակն է՝ աշխատեցնել «Նաիրիտ»-ը, ապա ինչո՞ւ են մերժում մեր ներկայությունը այդ աշխատանքային խմբում»,-լրագրողների հետ զրույցում հարց բարձրացրեց գործարանի նախկին աշխատակիցներից քիմիկ-ինժեներ Անահիտ Մանուկյանը:
Շարունակելով վերջինին՝ գործարանի նախկին աշխատակից Արագեղեցիկ Կարեյանը նկատեց.
«Մի՞թե սա հերթական հանձնաժողովը չէ, որը հերթական անգամ տարիներ շարունակ պետք է քնեցնի Նաիրիտի հարցը: Մենք դիմեցինք, որ ընդգրկվենք այդ հանձնաժողովում, մերժեցին և ասացին, որ նախկին աշխատողներով կարող ենք խումբ կազմել և առանձին աշխատել: Բայց այսօր առավոտյան տեղի է ունեցել ինչ-որ փոփոխություն, մոտավորապես մեկ ժամ առաջ ինձ զանգահարեցին և ասացին, որ երկուշաբթի օրը ժամը 4-ին պարոն Լևոն Շահվերդյանի մոտ լինելու է հանձնաժողովի նիստ, և ես կարող եմ արդեն ներկա լինել հանձնաժողովի նիստին: Բայց զանգահարել են նաև մեկ այլ ընկերոջ և ասել են, որ երկուշաբթի օրը կլինի միակ ներկա լինելը: Բայց ինձ հետ նման խոսակցություն չի եղել»:
Պարոն Կարեյանի խոսքով՝ պետությունն ամեն ինչ պետք է անի «Նաիրիտ»-ը վերագործարկելու համար: Օրինակ՝ ներդրողներին կարող է զրկել հարկերի վճարումից.
«Գործարանը պետք է աշխատի: 5-6 տարի հետո ոչ կադր կունենանք, ոչ՝ սարքավորում: Հայ մարդն իր երկրի տնտեսությանը նման վնաս չէր կարող տալ: Աշխատող գործարանը հոսանքազրկվել է և չի աշխատում, ու մինչև այսօր ոչ ոք դրա պատասխանը չի տվել, ոչ մեկ չի ասել՝ ինչո՞ւ պետք է «Նաիրիտ» գործարանը, որը Հայաստանի ազգային արժեքն է, չաշխատի: Խոսակցություններ կան, որ գործարանն ուզում են մասնատել և մի մասը վաճառել, կամ տալ «Նաիրիտ 2»-ին, մի մասը՝ ՏԷՑ-ին: «Նաիրիտ 2»-ին տալիս են նրա համար, անցած տարի մեզ վճարեց տարիների ընթացքում կուտակած պարտքը, իսկ մյուս մասը տալիս են ՏԷՑ-ին՝ էներգակիրների դիմաց»,-նշեց «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցը:
Անի Կարապետյան