Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն օրերս տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է ապրիլի սկզբին առաջնագծում զոհված, վիրավոր և հաշմանդամություն ձեռք բերած երևանաբնակ զինծառայողների ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու մասով ավելի վաղ իր կողմից տրված հանձնարարականների ամփոփմանը: Խորհրդակցության մասնակիցներին նա հայտնել է, որ վերջնական որոշումը կայացրել է՝ հիմք ընդունելով քաղաքապետարանի համապատասխան վարչությունների կողմից ներկայացված ընտանիքների կարիքների գնահատման ուսումնասիրման արդյունքները:
«Խիստ կարևոր էր այս հարցում հասցեական մոտեցումը, համաձայն որի և կայացրել եմ իմ որոշումը: Ըստ այդմ, երևանաբնակ զոհված զինծառայողների ընտանիքներից յուրաքանչյուրին կցուցաբերվի 1,5 միլիոն դրամի ֆինանսական աջակցություն, հաշմանդամություն ձեռքբերած երևանաբնակ զինծառայողներին՝ 1 միլիոն դրամ, իսկ վիրավորների ընտանիքներին՝ 500 հազարական դրամի ֆինանսական աջակցություն: Վստահ եմ`կհամաձայնեք, որ սա այն նվազագույնն է, որ մենք պետք է անենք մեր զինվորների ու նրանց ընտանիքների համար»,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետն անդրադարձել է նաև Երևան քաղաքի 2016թ. հաստատված բյուջեի մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների վերանայման հնարավորության հետ կապված հանձնարարականին:
«Մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցների վերանայման արդյունքում՝ որոշեցինք կրճատել մասնավորապես «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար նախատեսված ֆինանսական միջոցները, որի հաշվին էլ կիրականացվի դրամական աջակցությունը ընտանիքներին: Ի դեպ արդեն իսկ ամփոփվում են զոհված երևանաբնակ զինծառայողների`վարձով ապրող, բնակարանի կարիք ունեցող ընտանիքների ուսումնասիրման արդյունքները: Առաջիկա օրերին հստակ կունենանք ցանկը և կնախապատրաստենք ավագանու համապատասխան որոշումների նախագծեր, ինչը, համոզված եմ, ավագանու հաջորդ նիստում կհաստատենք և տվյալ ընտանիքներին կապահովենք բնակարաններով»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հանրակրթության վարչության պետն էլ զեկուցել է, որ համապատասխան աշխատանքներ են տարվել առաջնագծում զոհված երևանաբնակ զինծառայողների հաճախած դպրոցների ցանկը հստակեցնելու ուղղությամբ, որից հետո քայլեր կձեռնարկվեն համապատասխան հուշանկյուններ ստեղծելու ուղղությամբ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքները կազմակերպել այնպես, որ տվյալ հուշանկյունները պատրաստ լինեն մինչև սեպտեմբերի մեկը:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն լրագրողների հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ քաղաքապետն այսօր հայտարարեց 3 զոհված զինծառայողի ընտանիքի բնակարան տրամադրելու մասին.
«Բայց ես ուսումնասիրել եմ և ասեմ, որ վիրավոր զինծառայողների մեջ էլ կան մարդիկ, ովքեր բնակարանի կարիք ունեն: Եկե՛ք սկսենք ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավոր կամ հաշմանդամ դարձած զինվորականների բնակարանների հարցը լուծենք:
Ուրիշ խնդիր էլ կա: Ունենք նահատակված զինվոր՝ Ռոբերտ Աբաջյան, ում հարևանները ցանկանում են փողոցը նրա անունով կոչել: Նման խնդրանքով դիմել են նաև Արմենակ Ուրֆանյանի հարևանները»,-նշեց Անահիտ Բախշյանը:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամը հայտնեց նաև, որ Առողջապահության նախարարությունում մասնակցել է վիրավոր զինծառայողների հարցերով քննարկմանը։
«Ասում են՝ նպատակահարմար չէ հիմա տեղափոխել արտասահման՝ տղաների վիճակից ելնելով։ Բայց եղել են բժիշկներ, որ նայել են, ասել են՝ շտապ պետք է տեղափոխել։ Այսինքն՝ կա երկու կարծիք։ Բայց հիմա գործընթաց է գնում, որ նախարարն ինքը համոզվի, որ զինվորների՝ արտերկրում բուժման կարիք կա»,-ասաց Անահիտ Բախշյանը։
Անի Կարապետյան