Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Կառավարության ղեկավարի հանձնարարականներից մեկը գործարար միջավայրի բարելավման հիմնախնդրի վերաբերյալ էր: «Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված 2017 թվականի ընթացքում ծրագրավորվել և ընթացքում են գտնվում մի շարք միջոցառումներ։ Նշված օրենսդրական և գործնական միջոցառումներից մի քանիսն արդեն իսկ իրագործվել են։ Սակայն, մարդկանց որոշ հատվածը դրանց վերաբերյալ տեղեկացված չէ, որոշ գործարարներին դրանք պատշաճ չեն ներկայացվել, գրանցվել են սպասարկման որակի խնդիրներ և այլն: Պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ պատճառը հստակ է՝ բարեփոխումների ոչ միայն ծրագրումը, այլև դրանց հետևողական իրականացումը, նոր հնարավորությունների մասին գործարարներին պարբերաբար ծանուցումը, սիստեմատիկ հետադարձ կապի ապահովումը, պետական ծառայությունների որակին, նոր տեխնոլոգիաների կիրառմանը խստորեն հետևելը բերում են լիարժեք փոփոխության: Այսինքն՝ անհրաժեշտ և ուղղակի պարտադիր է մշակված քաղաքականության մշտական, հետևողական մոնիթորինգը: Անհրաժեշտ է, որ մեր քաղաքացին լիարժեք օգտվի արդեն իսկ ընձեռված բոլոր նոր հնարավորություններից՝ հարկերի վրա ավելի քիչ ժամանակ ծախսի, տեղեկանքների համար չհասնի պատկան գրասենյակներ, որ պարզի, որ դրանք կարելի էր ստանալ նաև փոստով, մոտակա բանկային մասնաճյուղից կամ էլեկտրոնային ծառայությունների միջոցով և այլն»,-նշել է կառավարության ղեկավարը և հանձնարարել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին, համագործակցելով «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի» հետ, 2-շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության թե՛ կարճաժամկետ, և թե՛ երկարաժամկետ միջոցառումների փաստացի, ոչ թե փաստաթղթային իրագործման, գործարար աշխարհում դրանց տարածման օբյեկտիվ ցուցիչների կազմման և մոնիթորինգի համակարգի գործարկման վերաբերյալ:Կարապետյանը հայտնել է, որ մոտ օրերս այդ նպատակով կկազմակերպի խորհրդակցություն. «Մտավախություն ունենք, որ բարեփոխումների մի մասը մնում է թղթի վրա, հանձնարարականները գնում են, տեղերում իրագործվում է մի մասը կամ ոչ լիարժեք, կամ յուրաքանչյուրը մեկնաբանում է իր պատկերացմամբ»:
Կառավարության ղեկավարի մյուս հանձնարարականը շրջակա միջավայրի աղտոտվածության դեպքերի վերացման և դրանց կանխարգելման վերաբերյալ էր: «Նախկինում հանձնարարականներ են տրվել բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքում պատասխանատվության միջոցների խստացման վերաբերյալ, որոնք գտնվում են մշակման փուլում։ Միաժամանակ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են նաև շրջակա միջավայրի գերաղտոտվածության դեպքեր: Մասնավորապես, վերջին շրջանում խիստ անթույլատրելի բնապահպանական իրավիճակ է արձանագրվել Արարատի մարզի Այնթապ, Դարակերտ, Նորաբաց, Գետափնյա, Դաշտավան, Զորակ գյուղական և Մասիս համայնքներում։ Արձանագրվել են նաև ոռոգման և կոյուղու ջրերը խառնվելու դեպքեր, որոնք լուրջ վնաս են հասցնում ինչպես շրջակա միջավայրին, այնպես էլ գյուղատնտեսությանը»,-նշել է վարչապետը: Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է արտակարգ իրավիճակների, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության, առողջապահության նախարարներին, ինչպես նաև՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին ձեռնարկել ոռոգման և կոյուղու ջրերի խառնվելու, ինչպես նաև թափոնները ոռոգման ջրատարներ թափվելու դեպքերը վերացնելու ուղղությամբ միջոցներ՝ կիրառելով օրենքով սահմանված առավել խիստ պատժամիջոցներ: Հանձնարարվել է նաև 2-ամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել նման դեպքերը կանխարգելելու և աղտոտման արդյունքում պատճառած վնասների փոխհատուցան ապահովման օրենսդրական առաջարկություններ:
Կարդացեք նաև՝ Երևանում ինչու՞ ենք տարածք տալիս Ձեզ, պարոն Կարապետյան...