««Մուլտիտրանսպորտ»-ի Գազելները նստելու բան չեն»․ քասախցիները բողոքում են, կարմիրբերետավորները՝ «գործի» անցնում
««Մուլտիտրանսպորտ»-ի Գազելները նստելու բան չեն»․ քասախցիները բողոքում են, կարմիրբերետավորները՝ «գործի» անցնում․ Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
«9000 դրամ վճարել, ավտոբուսի քարտ եմ ձեռք բերել, ինչի՞ պետք է հիմա էլ «Մուլտիտրանսպորտ»-ի Գազելներին փող տամ»,- ասում է բողոքի ակցիային միացած քասախցի կինը։
Հիշեցնենք՝ Քասախի բնակիչների բողոքի ակցիաները սկսվեցին այն ժամանակ, երբ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ 59 երթուղին սպասարկող ավտոբուսը սկսեց չհասնել համայնք։ Նոր երթուղին սպասարկում է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը։ «Էդ Գազելները նստելու բան չեն, շատ շոգ է, օդը չի հերիքում, իջնում եմ մի քիչ ներքև, որ 59-ը նստեմ, այն էլ խնդիր է, քանի որ ճանապարհն անցնելու համապատասխան տեղեր չկան, վազելով, կյանքս վտանգելով անցնում եմ»,- նշում է կինը։
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մարդկանց կյանքը հիմա ավելի լավ է, կինը պատասխանեց․ «Ինչո՞վ է լավը, թող օգնի ժողովրդին, որ մեր կյանքը բարելավվի»։
***
Քասախ համայնքի բնակիչներն առավոտից բողոքի ակցիա են իրականացնում: Ենթարկվելով ոստիկանների պահանջին՝ նրանք այսօր ճանապարհը չեն փակել, դեռ հույս ունեն, որ իրենց խնդիրն իշխանությունները լուծելու են։
Քասախցիների պահանջն այն է, որ 59 երթուղին սպասարկող ավտոբուսը, որն այլևս բնակավայր չի հասնում, նախկինի նման սպասարկի նաև Քասախ համայնքը։
Ակցիայի մասնակիցները պատրաստվում են մայրուղով անցնող 59 համարի ավտոբուսներին խնդրել՝ հասնել իրենց համայնք։
Հիշեցնենք՝ քասախցիները տարբեր հանդիպումներ են ունեցել կառավարության ներկայացուցիչների հետ, սակայն հարցը լուծում չի ստացել։
Այժմ Քասախ-Երևան երթուղին սպասարկում է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, որի սպասարկումից և աշխատանքից բնակիչները դժգոհ են։
Բնակիչների խոսքով մարզպետը նրանց հայտնել է, որ խնդրի լուծումն իր ուժերից վեր է։
***
Ինչպես հայտնել էինք՝ Քասախ համայնքի բնակիչներն առավոտից բողոքի ակցիա են իրականացնում։ Իրավիճակը քիչ առաջ լարվեց, քանի որ նրանք որոշեցին փակել Երևան-Աշտարակ մայրուղին։ Տեղում ոստիկանական մեծաթիվ ուժեր են հավաքված, ովքեր ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը։ Կան բերման ենթարկվածներ։
Հիշեցնենք՝ Քասախի բնակիչների բողոքի ակցիաները սկսվեցին այն ժամանակ, երբ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ 59 երթուղին սպասարկող ավտոբուսը սկսեց չհասնել համայնք։ Նոր երթուղին սպասարկում է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը։
***
Երևան-Աշտարակ մայրուղու վրա՝ քասախցիների բողոքի ակցիայի ժամանակ, երբ «24Նյուզ»-ի լրագրողը փորձում էր կարմիր բերետավորից ճշտել, թե ինչու է բռնի ուժով մարդկանց բերման ենթարկում, նա, բացի գոռգոռալը, արմունկով հարվածեց։ Ոստիկանության բարձրաստիճան սպան՝ ի պատասխան լրագրողի բողոքի, հայտնեց, որ ծառայողական քննություն կանցկացվի։
Քասախ համայնքի բնակիչները բողոքի ակցիայի ժամանակ փակել էին Երևան-Աշտարակ մայրուղին, սակայն ոստիկանները բացեցին ճանապարհը՝ բռնի ուժի կիրառմամբ բերման ենթարկելով ակցիայի մասնակիցներին։
Կարմիր բերետավորներից մեկն անգամ հարվածեց լրագրողին, ով փորձում էր ճշտել, թե բերման ենթարկելուց ինչո՞ւ են ծեծում մարդկանց։
Ըստ նախնական տվյալների՝ բերման ենթարկվածները 6-ն են։
Այս պահին քասախցիները փակել են գյուղի մուտքը։
Հիշեցնենք՝ Քասախի բնակիչների բողոքի ակցիաները սկսվեցին այն ժամանակ, երբ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ 59 երթուղին սպասարկող ավտոբուսը սկսեց չհասնել համայնք։ Նոր երթուղին սպասարկում է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet