▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոտ 60 հանքափորներ արդեն 6-րդ օրն է գործադուլ են անում․ Օլեգ Դուլգարյան

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի և Շամլուղի հանքերի մոտ 60 հանքափորներ (հորատողներ) արդեն 6-րդ օրն է գործադուլ են անում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում և անվտանգության նորմերի բարելավում․ ԱրմենիաSputnik-ին հայտնել է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Օլեգ Դուլգարյանը։

Բանակցություններն արդյունք չեն տվել. գործադուլավորները տնօրինությունից ծանուցումներ են ստացել այն մասին, որ չներկայանալու դեպքում կազատվեն աշխատանքից։

Նախնական տվյալներով՝ հանքագործների ներկա աշխատավարձը 200-300 հազար դրամ է։

***

Այսօր․am-ն էլ գրում է․ ««Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում 50-ից ավելի աշխատողներ շարունակում են գործադուլը՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։

Կայքի հետ զրույցում Ախթալայի վարչական ղեկավար Սևակ Սարգսյանը նշեց, որ շուրջ մեկ շաբաթ է՝ աշխատակիցները չեն գնում աշխատանքի և պահանջում են խնդրի լուծում։

Նրա խոսքով՝ այս պահին Լոռու մարզպետը և Ալավերդու համայնքապետը ևս գտնվում են տեղում և հանդիպում են «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ ղեկավարության հետ՝ քննարկելու բնակիչների պահանջներն ու հնարավոր լուծումները։

Սևակ Սարգսյանը նշեց, որ կոմբինատի ղեկավարությունից իրենց պարզաբանել են՝ 500 աշխատակիցներից 50-ի աշխատանքի չներկայանալու դեպքում վտանգ կա, որ աշխատանքից դուրս կմնան նաև մնացած 450-ը։ «Իրենց խնդիրն այն է, որ հիմնարկը շարունակի աշխատել, և աշխատակիցները չմնան առանց աշխատանքի։ 500-ից միայն 50-ն են գործադուլ անում, բոլորը չեն»,– ասաց նա։

Համայնքի վարչական ղեկավարը նաև նշեց, որ հիմնարկի ղեկավարը հայտնել է՝ այս պահին կոմբինատը մեծ պարտքեր ունի։

«Ասացին, որ այն ժամանակ, երբ պղնձի գները շատ էժան էին, որպեսզի հիմնարկը չկանգնեցնեն, պարտքեր են վերցրել ու շարունակել աշխատանքը։ Հիմա կամաց-կամաց մարում են այդ պարտքերը և վստահեցնում են, որ հետագայում աշխատավարձերն էլ կբարձրացնեն։ Սակայն, թե որքանո՞վ է դա իրականությանը համապատասխանում՝ դժվար է ասել»,– նշեց նա։

Սևակ Սարգսյանը հավելեց, որ ինքն էլ է պահանջել հնարավորության սահմաններում բարձրացնել աշխատողների աշխատավարձերը։

«Շատ ծանր և վտանգավոր աշխատանք է, սակայն ղեկավարությունն ասում է, որ այս պահին դա հնարավոր չէ, ի վիճակի չեն»,– ասաց նա։

Թե ինչ լուծում կտրվի խնդրին՝ վարչական ղեկավարը նշեց, որ հարցը դեռ քննարկման փուլում է։ Նրա խոսքով՝ այն անհանգստացնում է թե՛ մարզպետին, թե՛ համայնքի ղեկավարին․

«Բոլորին է անհանգստացնում իրավիճակը, եկել են, որպեսզի լինեն համայնքի բնակիչների կողքին և տեսնեն՝ ինչով կարող են օգնել»։

 Հանքափոր գործադուլավորների խոսքով՝ ստացած աշխատավարձը չի համապատասխանում իրենց կատարած աշխատանքի ծավալին։ Նրանք հայտնել են նաև, որ պղնձի գինը շուկայում գրեթե կրկնապատկվել է, մինչդեռ իրենց աշխատավարձը չի բարձրանում։

«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ տնօրինության հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more