ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Նեապոլում այցելել է Սուրբ Գրիգոր Հայ եկեղեցի, որտեղ ամփոփված են սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները:
Եկեղեցում Ազգային Ժողովի նախագահը ծաղկեպսակ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ, այնուհետեւ մասնակցել է եկեղեցում կազմակերպված հոգեւոր արարողությանը:
Ազգային ժողովի նախագահը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ վանքի միաբանության Մեծավոր մայր Ջովաննա Դե Գրեգորիոյի հրավերով շրջայց է կատարել վանքի միաբանությունում:
Նշենք, որ Արարատ Միրզոյանը նաև հանդիպել է Նեապոլի քաղաքապետ Լուիջի Դե Մաջիստրիսի հետ: Կողմերը քննարկել են Նեապոլն ու Երեւանը քույր քաղաքներ դարձնելու գաղափարը: Նեապոլի քաղաքապետը ոգեւորությամբ է ընդունել այս առաջարկը: Արարատ Միրզոյանի խնդրանքով Լուիջի Դե Մաջիստրիսը պատմել է Նեապոլի առջեւ ծառացած խնդիրների, մարտահրավերների եւ դրանց լուծումների մասին:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը նույն օրը հանդիպել է նաեւ Նեապոլի պրեֆեկտ Կարմելա Պագանոյի հետ: Վերջինս Արարատ Միրզոյանի խնդրանքով ներկայացրել է Իտալիայի տարածքային կառավարման առանձնահատկությունները եւ ենթակառուցվածքները, ինչպես նաեւ պատմել է սոցիալական խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու մեխանիզմները Իտալիայի պրեֆեկտուրաների միջոցով:
Պաշտոնական այցի շրջանակում Արարատ Միրզոյանը հանդիպել է նաեւ Նեապոլի արքեպիսկոպոս կարդինալ Կրեշենցո Սեպեի հետ: ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել կարդինալին` հայկական հետքն ու մեր համատեղ հոգեւոր ժառանգությունը Իտալիայում, հատկապես Նեապոլում հրաշալի պահպանելու համար: Կարդինալ Սեպեն, բարձր գնահատելով երկու ժողովուրդների միջեւ մշակութային եւ հոգեւոր կապերը, պատմել է Նեապոլում հայկական հետքի մասին: