«Լավ էլի» հայկական ռոք խմբի կիթառահար, վոկալիստ Մհեր Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«Մարտի 1-ից հետո չհասկացան, ապրիլյան դեպքերից հետո չհասկացան, հիմա չեն հասկանում - էլ ինչ նշաններ են պետք, որ հասկանան, որ քամի ցանողը փոթորիկ ա հնձում, որ երկաթը շիկացնես, պիտի վառի - ու որ դրանից մեզնից ոչ ոք չի շահելու:
Էս նորածին երկիրն էլ եք ուզու՞մ բարեհաջող խեղդեք:
Քայլեր՝ ինչքան ուզեք - Սասնա ծռերին դատու՞մ եք, դատեք նաև մարտի 1-ի մարդասպաններին, ոստիկանների վրա քար նետողներին դատու՞մ եք, դատեք նաև մարդկանց վրա թքող, կոշիկ համբուրացնող, ծեծող ու ստորացնող ոստիկաններին ու նրանց հրաման տվողներին: Մարդկանց համար մի պուճուր հույս վառեք, որ լավ պիտի լինի, որ արդարություն կա, որ արտագաղթելուց կամ ոստիկանատուն գրավելուց բացի ճանապարհ կա:
Ես չեմ համարում, որ «Սասնա ծռերը» ճիշտ բան են արել ու ոչ էլ բոլոր պարագաներում ոչ մի թիզի կողմնակից եմ - դրա համար պատմությունից գոնե մի երկու դաս սովորել եմ: Բայց սիրտս կտոր-կտոր ա լինում, որ մենք մեզ հասցրել ենք էս օրվան, որ մարդիկ, ովքեր փողի, քածերի, դղյակների, ջիպերի ու եսիմինչ զիբիլների փոխարեն իրենց կյանքը հայրենիքի հետ են կապել, էսօր հայտնվել են էս վիճակում:
Խելամիտ մարդու համար պարզ ա, որ մենք Արցախի խնդիր ունենք, որ ցանկացած խժդժություն թուլացնելու է մեր դիրքերը, որ մեր քաոսից օգտվելու է ով ասես, որ հանգիստ կարող են մեզ Ուկրաինայի օրը գցել - ու՞ր են էդ խելամիտ մարդիկ երկրի ղեկը իրենցով արածների մեջ: Ու՞ր են էդ մտահոգ, խելամիտ բանակցողները:
Եթե էս մի նշանն էլ անուշադրության մատնվեց, ես էլ չգիտեմ արդեն, ինչ կլինի:
Հ․Գ․ Պետք ա շատ մտածել գնդապետ Վանոյանի հիշատակը Սասնա ծռերի ու պատանդ ոստիկանների՝ միասին համազարկով հարգելու մասին»: