ԱԺ ապրիլի 14-ի նիստում բուռն քննարկվում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը, որով առաջարկվում է ԱԺ պատգամավորներին տեսակցելու հնարավորություն տալ ձերբակալված և կալանավորված անձանց:
Իշխանական խմբակցությունը դեմ է ԼՀԿ-ի նախագծին: «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը նկատեց, որ նշված կարգավորումը պետք է տալ ոչ թե առաջարկված՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում, այլ Քրեական օրենսգրքում:
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նկատեց, թե այդ նորմը նման կերպ էր մեկնաբանում նախկին իշխանությունը:
«2010 թվականի դեկտեմբերի 17-ին երկրում ահավոր բան տեղի ունեցավ, Հրայր Թովմասյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվեց արդարադատության նախարար: Հրայր Թովմասյանն այս նորմը մեկնաբանում էր այնպես, ինչպես հիմա մեկնաբանում եք դուք: Ցանկացած ոք, ով այս նորմը մեկնաբանում է Հ. Թովմասյանի ձևով, ինձ համար Հրայր Թովմասյան է»,- հայտարարեց նա: