ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում, քննադատել է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զինուժի սանձազերծած հարձակման ժամանակ նրա կողմնակալ հայտարարության համար: Իր ելույթում Սամվել Ֆարմանյանը մասնավորապես ասել է.
«Տիկնայք եւ պարոնայք,
Մոտ երկու ամիս է անցել ԵԽԽՎ վերջին նստաշրջանից։ Այս ժամանակահատվածում ակնհայտ է, որ մեր արժեքները կոպտորեն եւ ցինիկաբար հարձակման են ենթարկվել։Առաջին հերթին՝ Եվրոպայի սրտում Բրյուսելի արյունոտ հարձակումները, իսկ հետո՝ Լեռնային Ղարաբաղում, որտեղ Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա ծավալեց Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ՝ խախտելով միջազգային իրավունքն ու կատարելով ռազմական հանցագործություններ։ Թույլ տվեք միանալ եւ ցավակցություն հայտնել զոհերի ընտանիքիներին։ Ես նաեւ միանում են այն հարյուր հազարավոր մարդկանց ձայներին, ովքեր Բրյուսելում եւ աշխարհի տարբեր մայրաքաղաքներում Ղարաբաղում իրավիճակը սրվելուց հետո երթի էին դուրս եկել եւ խաղաղության կոչ էին անում։ Իրադարձութունները կապ ունեն հունվարին այստեղ կայացած տխրահռչակ քննարկման հետ։
Պարո՛ն նախագահ, թույլ տվեք ինձ հիշեցնել, որ Ռոբերտ Ուոլթերի եւ Միլիցա Մարկովիչի հակասական զեկույցների դեմ ձայները հիմնված էին այն ենթադրության վրա, որ անհիմն եւ միակողմանի ցանկացած բանաձեւ ընդունելու կամ միջազգային իրավունքն ընտրովի մեկնաբանելու ցանկացած փորձ միայն վնաս կհասցնի խաղաղ գործընթացին եւ Ադրբեջանի բռնապետական ղեկավարության համար խթան կհանդիսանա լայնածավալ գործողությունները վերսկսելու համար, որոնք սասանում են բանակցային գործընթացը եւ սպառնում են Հարավային Կովկասի փխրուն կայունությանը։ Ցավոք, մեր վատագույն կանխատեսումներն իրականացան, եւ իրադարձությունների նման զարգացումը հակամարտության բոլոր կողմերին հարյուրավոր զոհեր արժեցավ։
Մենք չենք կարող անտեսել ԵԽԽՎ սխալներն այդ ողբերգության ժամանակ։ Ադրբեջանի ղեկավարությանը էսկալացիայի ամենասկզբից հստակ ուղերձներ հղվեցին առ այն, որ հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի։ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի նախագահները, հարյուրավոր արտգործնախարարներ, ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարները, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները միավորեցին իրենց ձայները եւ հեղինակությունը, որպեսզի նախագահ Ալիեւին հասցնեն միանշանակ եւ այլընտրանք չունեցող ուղերձը նրա ռազմական ագրեսիան դադարեցնելու համար։
Այն ժամանակ, երբ միջազգային հանրության խիստ ուղերձները խաղաղության համար հույսի պատուհան են բացում, պարոն Ագրամունտի անպատասխանատու հռետորաբանությունը ԵԽԽՎ-ին տարանջատում է միջազգային հանրությունից այս անգամ ոչ թե Ադրբեջանում մարդու իրավունքների լայնածավալ ոտնահարումներն անտեսելով, այլ այս խոցելի իրավիճակում հատկապես վտանգավոր ձեւակերպումներով հօգուտ Ադրբեջանի խոսելով։
Ցավոք, պարոն Ագրամունտի հայտարարությունը հերթական անգամ կասկածի տակ է դնում ԵԽԽՎ նախագահի անաչառությունը՝ որպես ԵԽԽՎ նախագահի։ Նրա հեղինակությանը միլիոնավոր եվրոպացիների եւ ժողովրդավար հասարակության բոլոր անդամների աչքերում հարված է հասցվել»։
Իսկ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում, նշել է.
«Հարգելի գործընկերներ,
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով, Ադրբեջանը, կիրառելով ծանր զինուժ՝ տանկեր, «Տոս» հրանետային համակարգ, «Սմերչ», օդուժ, լայնամասշտաբ ռազմական գործողություն սկսեց՝ հրետակոծելով ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հետ շփման գիծը, այլև խաղաղ բնակավայրերը։ Եվ կրկին սպանված զինվորներ, դպրոցից տուն գնացող երեխա, ով սպանվեց իր եղբոր աչքի առաջ։ Ադրբեջանական զինուժը խոշտանգեց ու գլխատեց ռազմագերիների և կոմբատանտների, ու այդ ամենը քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ։ Ավելին, երբ Ադրբեջանի զինուժին հաջողվեց ընդամենը մեկ օր իր վերահսկողության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղը, Ալիևի վարձկանները խոշտանգեցին ու դաժանաբար սպանեցին գյուղում մնացած խաղաղ բնակիչներին։ Ու այն ժամերին, երբ Ալիևի վարձկանները ռազմական հանցագործություններ էին կատարում, ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն իր հայտնի հայտարարությամբ սատարում էր ահաբեկչական Ադրբեջանին։ Այն պահին, երբ ադրբեջանական զինուժը հրետակոծում էր խաղաղ բնակավայրերը, մեր Վեհաժողովի նախագահը, ով ի պաշտոնե պարտավոր է պահպանել անաչառություն և չեզոքություն, իր հայտարարությամբ ոգեկոչում էր ռազմական հանցագործներին։ Հարգելի գործընկերներ,
Այն, որ ԵԽԽՎ ներկայիս նախագահ Պեդրո Ագրամունտը մեր Վեհաժողովում Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչն է՝ հայտնի ճշմարտություն է։ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիայի օրերին ԵԽԽՎ նախագահն իրեն պահել է որպես Իլհամ Ալիևի մամուլի խոսնակ։ ԵԽԽՎ պատմության մեջ աննախադեպ է, երբ Վեհաժողովի նախագահը զբաղվում ոչ թե ԵԽԽՎ, այլ մեկ առանձին երկրի շահերի բացահայտ պաշտպանությամբ։ ԵԽԽՎ նախագահ ընտրվելուց հետո առաջին այցը կատարելով Ադրբեջան, Ագրամունտն իր այդ քայլով հերթական հավատարմությունը հայտնեց Ալիևի բռնապետությանը։ Իսկ ռազմական գործողությունների ամենածանր օրերին Ագրամունտն անում է հայտարարություն, որը բացահայտ խրախուսում է Ալիևի մարդասպան ռեժիմին։
Հարգելի գործընկերներ,
Եվրոպայի Խորհուրդը 47 երկրների կազմակերպություն է, որը պարտավոր է ներկայացնել և պաշտպանել 800 միլիոն եվրոպացիների շահերը։ Նման լրջագույն կառույցի նախագահը պարտավոր է լինել անկողմնակալ և անաչառ, այլ ոչ թե անձ, ով հրապարակային պաշտպանում է բռնատիրությունը՝ խրախուսելով հանցագործ Ադրբեջանին։ Մեր Վեհաժողովում աննախադեպ իրավիճակ է, երբ Վեհաժողովի նախագահի աթոռին նստած է Ադրբեջանի նախագահի մամուլի խոսնակը։
Եվ ևս մի կարևոր խնդիր, որի հետևանքների մասին մենք զգուշացնում էինք։
Երբ ձեզանից շատերը անցած նստաշրջանին քվեարկեցին կողմ Սարսանգի ջրամբարի, իբր, հումանիտար խնդրին, Ադրբեջանի ռազմական այս ագրեսիայից հետո հույս ունեմ հասկացաք, որ Ադրբեջանի նպատակը հումանիտար խնդիր լուծելը չէր, այլ Սարսանգը գրավելն էր։ Եվ դրա համար էր անհրաժեշտ միջազգային կառույցներում և ԵԽԽՎ-ում ստանալ ձեր աջակցությունը՝ հումանիտար նպատակի տակ ռազմական հանցագործություն կատարելու համար։ Նայեք ադրբեջանական զինուժի տեղաշարժը պատերազմի այդ օրերին, և կհասկանաք, որ ձեր քվեարկությամբ նաև դուք Ադրբեջանին տվեցիք այդ քարտ-բլանշը»։
Ավելացնենք, որ լրագրող Զառ Դիլանյանը, անդրադառնալով ԵԽԽՎ-ում Սամվել Ֆարմանյանի և Նաիրա Զորաբյանի ելույթներին, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Մերոնք ԵԽԽՎ-ում փոթորիկ արեցին.Սամվել Ֆարմանյանն ու Նաիրա Զոհրաբյանը նաև ընդգծեցին հօգուտ Ադրբեջանի քվեարկողների ու նախագահողի մեղքի բաժինը։ Խավիարի վրայից սառը ջուր կարե՞լի է…»: