Aysor.am-ը գրում է. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով նշանակված դատական նիստը:
Դատարանը շարունակել է հետազոտել փորձագիտական եզրակացությունների հրապարակումները:
Մասնավորապես, հրապարակվել է Մայրական մահացության դեպքերի ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներքին քննության արդյունքները:
Համաձայն եզրակացության՝ ծննդկան Մերի Մարգարյանի մահվան պատճառ է հանդիսացել «HELLP» սինդրոմ համախտանիշը, որը հանգեցրել է պոլիօրգանային անբավարարության:
«Մերի Մարգարյանին անհրաժեշտ էր հոսպիտալացնել դեռևս հուլիսի 23-ին, մինչդեռ, նրան ամբուլատոր պայմաններում բուժում նշանակելն աննպատակային է եղել»,-նշված է փաստաթղթում:
Ըստ եզրակացության՝ նման մանկաբարձական իրավիճակը նախատեսում էր արագ ծննդօգնություն՝ կեսարյան հատման միջոցով, սակայն դրան կարող էր խոչընդոտել բարձր ջերմությունը:
Նշենք, որ Մերի Մարգարյանի մահվան փաստով հարուցված քրեական գործը դատավոր Դավիթ Բալայանը չորս անգամ հետ է ուղարկել դատախազին` թերություններն ու վրիպակները շտկելու:
2015 թվականի հուլիսի 27-ին կեսարյան հատումից հետո «HELLP» սինդրոմ համախտանիշ երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ «Էրեբունի» ԲԿ տեղափոխված Մերի Մարգարյանը երկու օր անց մահացել է:
Ըստ Քննչական կոմիտեի` դեպքի կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Մերի Մարգարյանը չորս օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, սակայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, պարտավոր լինելով կնոջը հոսպիտալացնել, հրաժարվել և չի կատարել իր պարտականությունները։ Ցուցաբերված անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով Մարգարյանը հուլիսի 29-ին մահացել է, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը:
Նույն բժշկական կենտրոնի բժշկուհի Անի Բաբելյանը 2015թ. հուլիսի 25-ին բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է Մերի Մարգարյանի, այնուհեև` նորածնի մահը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում