Ցավում և հպարտանում ենք մեր մարտիկների քաջությամբ, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի:
Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում մեկ րոպե լռությամբ մեկնարկեց հայ ժամանակակից երաժշտության երրորդ փառատոնը: Ներկաները հարգեցին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածության հետևանքով զոհված քաջ հայորդիների հիշատակը:
Փառատոնի մեկնարկն ազդարարեցին իսրայելաբնակ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի՝ կլարնետի և նվագախմբի համար գրված կոնցերտի հնչյունները: Հատուկ այս կոնցերտի կատարման համար Իսրայելից Երևան էր ժամանել հրեա կլարնետահար Ջեֆֆ Հովվարդը: Կոմպոզիտոր Բելլա Հովհաննիսյանի սիմֆոնիայինն էր, որը հեղինակի մեկնաբանմամբ՝ արտացոլում է անհատի պայքարը, անհատի կյանքը:
Համերգի երկրորդ բաժնում ներկայացվեցին Անահիտ Կոստանյանի՝ դուդուկի և նվագախմբի համար գրված մշակումը և Վահրամ Բաբայանի քառամաս սիմֆոնիան (թիվ 5-րդը):
«Ինձ ապշեցրեց այն, որ մեր ժողովուրդն ամեն ինչ թողեց մի կողմ՝ ասելով.թքել եմ բոլորի վրա ու գնաց կռվելու: Երեկ զանգահարեցի հորեղբորս տղային, որպեսզի ներկա գտնվեր համերգին, ասաց, թե, հոպար, մեր ջահելը փախավ: Նոր էր զորացրվել, բայց գերադասեց կրկին սահման գնալը: Սա չտեսնված բան է: Այս բարդ իրավիճակից կրկին հաղթանակով ենք դուրս գալու: Սփյուռքը նույնպես ոտքի է կանգնել»,-մեզ հետ զրույցում ասաց Նուբար Ասլանյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:
Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին Մարտունու ուղղությամբ ՄՄ21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց են տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձինք: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանաբար գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակիչների:
Անի Կարապետյան