▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր դիրքորոշումն անփոփոխ է. Արցախի ԱԳ նախարարը՝ Հոգլանդի հայտարարության մասին

 

ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից հնչեցված տարրերը նորություն չեն պարունակում եւ հանդիսանում են բազմիցս հրապարակված Մադրիդյան սկզբունքների բառափոխում։ Այդ մասին Արցախի հանրային հեռուստատեսության հետ զրույցում ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը՝ մեկնաբանելով Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից հնչեցված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարրերը։

«Մեր դիրքորոշումը այդպիսի առաջարկների վերաբերյալ հայտնի է եւ մնում է անփոփոխ։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած մոդել, եթե այն միտված է ապահովել կայուն եւ հարատեւ  խաղաղություն, անհնար է առանց արցախյան կողմի լիարժեք մասնակցության բանակցային գործընթացի բոլոր փուլերին եւ չի կարող հաշվի չառնել առկա իրողությունները։

2016 թ․ ապրիլի պատերազմը ակնառու կերպով ցուցադրեց, որ իրականությունից կտրված մոտեցումները վտանգավոր են, եւ կարող են ճանապարհ հարթել անկանխատեսելի զարգացումների համար։

Այսօր, նախ եւ առաջ, անհրաժեշտ է հետեւողական քայլեր ձեռնարկել խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման եւ ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի իրագործման ուղղությամբ։ Չիրականացված պայմանավորվածությունները կուտակվելով՝ վերածվում են բալաստի եւ խոչընդոտում են բանակցություններում դրական տեղաշարժի հնարավորությունը»,- նշել է Միրզոյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more