Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում այսօր տեղի ունեցավ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի 2015 թվականն ամփոփող ասուլիսը:
Վայրը պատահական չէր ընտրվել.
«Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը հանդիսանում է սպայական կերտման դարբնոցը»,-ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է 2015 թվականին՝ նկատեց.
«ՀՀ Զինված ուժերի համար ձեռքբերումների և դիրքերի ամրապնդման տարի էր: Մեր գործունեությունն իրականացրել ենք չափազանց լարված իրավիճակում: Հակառակորդի կողմից ոտնձգություններն արտահայտվել են դիվերսիոն գործողություններով, կրակոցներով: Օգտագործել են ականանետեր, տանկեր, հրանոթներ: Եվ մենք կարողացել ենք զսպել հակառակորդին՝ շատ դեպքերում իրականացնելով կանխարգելիչ միջոցառումներ»:
Խոսելով սպառազինության ու ռազմական տեխնիկայի մասին՝ նշեց, որ դրանք անընդհատ կատարելագործվում են.
«Հեռահար և ճշգրիտ միջոցների ձեռքբերումը մեր կարևոր ուղղություններից մեկն է եղել: Այն համատեղվել է մեր հայրենի ռազմական արդյունաբերության կատարելագործմամբ»:
Սեյրան Օհանյանը կարևորեց բանակ-հասարակություն կապը՝ ասելով.
«Այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են և դա է համաժողովրդական բանակի ստեղծման հիմքը: Մենք ոչինչ չունենք ժողովրդից թաքցնելու»:
Անի Կարապետյան