Ո՞նց անենք, որ մեկը Բալասանյանին բացատրի, որ Հայաստանի բոլոր ընտրովի պաշտոնները էությամբ, բնույթով եւ օրենքով քաղաքական են։ Այդ պաշտոնյաները կոչված ու պարտավոր են քաղաքականություն անել, քաղաքի վերականգման, համայնքային տնտեսության կառավարելու, պետական իշխանության համակարգը կառավարելու քաղաքականություն եւ այլն։ Քաղաքապետի պաշտոնը կարող է չլինել ինչ ասեք, բայց քաղաքական չլինել չի կարող, սակայն արդեն որերորդ անգամ լսում ենք, թե ինքը քաղաքականության հետ կապ չունի։ Գուցե կամենում է ասել, թե ինքը կուսակցականության հետ կապ չունի, կամ՝ այլեւս կապ չունի։ Ինչո՞ւ այդպես չի ասում, գուցե մտահոգություն ունի, որ կստիպեն հանրապետական դառնալ մի տխուր օր։ Եթե վերջը դառնա, ասելու՞ է, որ կուսակցականության հետ գործ ունի, բայց քաղաքականության հետ՝ ո՞չ։ Այդ ինչպե՞ս։ Գուցե, մտածում է, որ «քաղաքականությամբ զբաղվել» բառակապակցությունը վարկաբեկվել է եւ վարկաբեկում է ու կամենում է քերել վրայից իր կուսակցական անցյալն ու քաղաքական ներկան։
Բարի մարդ է քաղաքապետս, առանց հեգնանքի, ուզում է լավն անել քաղաքի համար, բան փոխել, գիտե, որ Բաղրամյան 26-ում մի էնպիսի կոկորդիլոս է նստած, որ, երբ քեֆը տվեց, կասի՝ գնա տուն Սամվել ջան, սիրուն չի…, ու շարունակ շեշտում է, թե ինքը քաղաքական չէ, պարզապես սոցիալ- շինարարական է։ Նախորդ քաղաքապետիցս լավ չծառայի ռեժիմին, գիտե, որ ռեժիմը դրանով է ռեժիմ, որ պիտի դրան ենթարկվել, խնդրել, ոչ թե պահանջել, անվտանգության երաշխիքներ չպահանջել, այլ հուսալ, որ պերմյակովները դուրս չեն գա զորամասերից, չի կարելի «տրեվոժիտ» անել կոկորդիլոսին՝ կկծի…
Ուրեմն, հարգելիներս, ամեն անգամ, երբ կլսեք, թե քաղաքապետը քաղաքական չէ, հիշեք, որ ավագանին քաղաքական է, եթե բոլորն ասեն, թե իրենք քաղաքականության հետ կապ չունեն, ես կասեմ, որ՝ ունեմ, երբ մենք փորձում ենք կյանքը փոխել, երբ ջանք ենք դնում իշխանությանը կարգի բերելու, մեզ ծառայեցնելու, ուրեմն քաղաքականություն ենք անում։
Սխալ չհասկանաք, սա քաղաքապետի թեկնածության քողարկված հայտ չէ, ոչ մի նման մտադրություն չունեմ, թող հանգիստ քնեն հնարավոր թեկնածուները՝ քաղաքական ու սոցիալ-շինարարական ։)