ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանել է հարցին, թե Հրայր Թովմասյանը բարձրաձայնել է ճնշումների մասին՝ ասելով հետևյալը.
«Հրայր Թովմասյանի, կամ որևէ այլ անձի երբևէ կատարած առերևույթ կամ իրեն մեղսագրվող հանցագործությունը կապ չունի այս պահին կամ նախկինում ունեցած պաշտոնի հետ, այն առումով, որ որևէ զբաղեցրած պաշտոն չի ենթադրում, որ մենք հիմա ինչ-որ գործողություններ ենք անում: Քաղաքական հետապնդումների մասին խոսք լինել չի կարող»,-ասել է Միրզոյանը:
Ինչ վերաբերում է հրապարակումներին, որ իշխանությունները ՍԴ դատավորների արտամուսնական կապերի մասին տեղեկություններ են հավաքում նրանց հրաժարական պարտադրելու համար, Միրզոյանը նշեց, որ անհեթեթությունների մասին հարցեր պետք չէ տալ իրեն, ինքն այդքան ժամանակ չունի մտացածին բաներ մեկնաբանելու համար:
Միրզոյանի խոսքերով, ՍԴ-ում ճգնաժամ կա, այն շարունակվում է, հանգուցալուծում չի ստացել:
«Դե կապրենք, կտեսնենք, հազար ուղղություն կա աշխատանքային, և Սահմանադրական դատարանի այս թնջուկի հարթումն այդ բազմաթիվ ուղղություններից միայն մեկն է: Այնպես չի, որ մենք քնում-զարթնում ենք հենց էս խնդրի մասին մտածելով, և մեր գերնպատակն է Հրայր Թովմասյանին հեռացնել սահմանադրական դատարանից»:
Ըստ Արարատ Միրզոյանի՝ նույնիսկ, եթե Հրայր Թովմասյանը հրաժարական տա, այս քրեական գործը, միևնույն էր: «Իրավական մարմինները, եթե այս նույն ճանապարհով գնային՝ բացահայտումներ անելու էին: Հրայր Թովմասյանի դեմ հարցուված քրեական գործը պայմանավորված չի իր պաշտոնավարմամբ»,- եզրափակել է ԱԺ խոսնակը:
Սուրբ Ծննդյան տոների ժամանակ Միրզոյանը զրուցել է Հրայր Թովմասյանի հետ: Արդյո՞ք վերջինս փոխանցել է իր մտահոգությունները: Միրզոյանի խոսքերով, իրենք ուղղակի մեկ-երկու կատակ են արել: