▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայր Աթոռը չի կանխի Աթեշյանի դեմ բողոքի ակցիան, չի ապահովի նրա անվտանգությունը. Տեր Վահրամ

armtimes.com-ը գրում է. Հայ առաքելական եկեղեցին չի պատրաստվում կանխել Կոստանդնուպոլսի Հայ առաքելական եկեղեցու պատրիարքարանի Ընդհանուր փոխանորդ Տեր Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանի  Հայաստան այցելության առիթով կազմակերպվող բողոքի ակցիան կամ ապահովել նրա անվտանգությունը:

Մայր աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանն այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ փոխանորդի այցի առիթով բողոքի ակցիա նախաձեռնելը մարդկանց իրավունքն է. «Մենք ոչ կանխարգելելու խնդիր ունենք, ոչ էլ դիմադրություն ցույց տալու: Անձի ապահովություն ապահովելու խնդիր չենք տեսնում»,- ընդգծեց Տեր հայրը:

Մեր ճշտող հարցին՝ հնարավո՞ր է հատուկ պահպանություն ապահովվի նրա համար, Տեր Վահրամը պատասխանեց. «Մեզ մոտ նման բան ընդունված չէ եւ չեմ կարծում, որ այդ առումով որեւէ քայլ կձեռնարկվի»:

Հիշեցնենք, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի Հայաստան այցի մասին հայտնի դարձավ երեկ: Նշվում էր, որ նա Հայաստան է ժամանում՝ մասնակցելու Գերագույն Հոգեւոր խորհուրդի նիստերին, ինչպես նաեւ Հռոմի Ֆրանցիսկոս սրբազան պապի՝ Հայաստան այցելության առթիվ կազմակերպված միջոցառումներին:

Քաղաքացիների մի խումբ այդ լուրը լսելուց անմիջապես հետո նախաձեռնեց «Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» անվանումով միջոցառում՝ կոչ անելով հունիսի 22–ին ժամը 13:00-ին մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Աթեշյանի մուտքը մեր երկիր մուտքը թույլ չտալու համար: Պատճառը Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումից հետո Արամ Աթեշյանի նամակն է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որում նա մասնավորապես նշել էր. «Ձերդ գերազանցություն, հայ ազգը օգտագործվում է իմպերիալիստական ուժերի կողմից: Բանաձեւի ընդունումը հայ ազգի մոտ խորը վիշտ է առաջացրել»:

Թե երբ է նախատեսվում անցկացնել Գերագույն հոգեւոր ժողովը՝ դեռ հայտնի չէ: Տեր Վահրամ քահանա Մելիքյանն ասում է, որ ժամկետները ճշտվելուց հետո անպայման դրանք կհրապարակվեն.

«Մենք նախապես ծանուցում ենք, թաքցնելու ոչինչ չունենք: Կարող եմ ասել միայն, որ դա կլինի Հռոմի պապի այցին հաջորդող օրերին»,- ընդգծեց նա: Հիշեցնենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայաստան է ժամանելու հունիսի 24-ին: Այցն ավարտվում է հունիսի 26-ին:

Տեր Վահրամը վստահեցրեց, որ Մայր աթոռին հայտնի չէ նաեւ, թե երբ է Հայաստան ժամանում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: «Ես չեմ կարող որեւէ տեղեկություն հաղորդել, դա ինձ չառնչվող հարց է: Ինձ չառնչվող հարց է, թե որ արքեպիսկոպոսը կամ գերագույն հոգեւոր խորհրդի որ անդամը երբ է ժամանում Հայաստան»,- կրկնեց նա:

Հարցին, թե բացի Աթեշյանից է՞լ ովքեր են ժամանելու Հայաստան՝ խորհրդի նիստին մասնակցելու՝ Տեր Վահրամը պատասխանեց, որ Գերագույն հոգեւոր խորհրդին սովորաբար մասնակցում են Գերագույն հոգեւոր խորհրդի անդամները, որոնք թվով 20-ն են: Նրանց թվում են՝  Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոսը, ԱՄՆ 2 թեմերի առաջնորդները՝ Խաժակ եւ Հովնան Սրբազանները, Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, հայաստանյան թեմերի առաջնորդներ Եզնիկ Սրբազանը, Նավասարդ Սրբազանը, Աբրահամ Սրբազանը, Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս Սրբազանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Սրբազանը, Դիվանապետ Տեր Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանը,  Ավստրալիայի թեմի առաջնորդ Հայկազուն սրբազանը, Ֆրանսիայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Վահան Սրբազանը, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուարյանը, ՌԴ-ից Ռուբեն Վարդանյանը եւ ուրիշներ:  

Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը նշեց նաեւ, թե դեռ հստակ տեղեկություն չունի, թե նշվածներից ովքեր են նիստին մասնակցելու այս անգամ, սակայն նշեց, որ Հռոմի Սրբազան քահանայապետի այցով պայմանավորված՝ գրեթե բոլոր թեմական առաջնորդները իրենց ուխտավորների հետ ժամանելու են Մայր աթոռ Սուրբ Էջմիածին:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more