Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Պաշտպանության նախարարությանն հաշվեկռշին գտնվող և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վաճառքի ձևով օտարել ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ ՍՊԸ–ին։
Ինչպես հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, վաճառքի գինն է 30 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
«Գնորդը պարտավորվում է վեց ամիս ժամկետով առնվազն 55.000 դրամ նվազագույն աշխատավարձով աշխատանքային պայմանագրեր կնքել ՊՈԱԿ-ում փաստացի աշխատող 99 աշխատողների հետ: Պահպանել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր անվանումը և օգտագործման ուղղվածությունը, տասը տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի ապահովել Կառավարության հայտով համապատասխան նշանակություն ունեցող միջոցառումներին»,-հայտարարեց Սեյրան Օհանյանը:
Նախագծով առաջարկվում է նաև հավանություն տալ ներդրումային ծրագրին, որի ընդհանուր արժեքը գերազանցում է 100 միլիոն ԱՄՆ դոլարը. «Ներդրումային ծրագիրը նախատեսում է իրականացնել չորս տարվա ընթացքում և ստեղծել հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ, ինչպես նաև կապահովվի 250 նոր աշխատատեղի ստեղծում»,- ասաց նախարարը:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն էլ հետաքրքրվեց պետական միջոցառումների անցկացումից, քանի որ նախկին սեփականատիրոջ հետ կար նման պայմանավորվածություն:
Պաշտպանության նախարարն արձագանքեց, որ այդ հարցով նախատեսվում է տասը տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի ապահովել հատուկ հայտով համապատասխան նշանակություն ունեցող միջոցառումների անցկացում, բայց ոչ ավելի քան տարեկան 12 օր տևողությամբ անվճար կազմակերպումը:
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի օտարման որոշման նախագծին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ ՊՆ-ի հաշվեկշռի վրա գտնվող համալիրը 30 մլն դոլարով կօտարվի «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ընկերությանը, որն առաջիկա 4 տարում համալիրում կիրականացնի ավելի քան 100 մլն դոլարի ներդրումային ծրագիր:
Նախարարի խոսքով՝ ընկերությունը պարտավորվել է պետական գրանցում ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում առնվազն 6 ամիս ժամկետով և առնվազն 55 հազար դրամ նվազագույն աշխատավարձով աշխատանքային պայմանագրեր կնքել սույն որոշման ընդունման պահին «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունում փաստացի 99 աշխատողի հետ, պահպանել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» անվանումը, մարզամշակութային համալիրի օգտագործման ուղղվածությունը:
«Ընկերությունը նաև պետք է 10 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի ապահովի ՀՀ կառավարության հայտով համապատասխան նշանակություն ունեցող մինչև 5 միջոցառման, բայց ոչ ավելի, քան տարեկան 12 օր տևողությամբ, անվճար կազմակերպումը, ինչպես նաև մարզահամերգային համալիրի տարածքում քաղաքացիների համար Ծիծառնակաբերդ այցելելու անարգել ու անվճար սերվիտուտի իրավունք` հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու դեպքում»,-ասել է նախարարը: