▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ, որոնց համար դույլը զուգարանն է

Գյումրիում ծայրահեղ ծանր պայմաններում ապրող 13 ընտանիքների համար բնակարան գնելու  նախաձեռնություն է սկսվել:

Նախաձեռնության հեղինակ, լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի խոսքով՝ պատճառը իշխանության անգործությունն է.

«2-3 տարի առաջ սկսեցինք նկարել անօթևան մարդկանց՝ հույս ունենալով, որ իշխանությունն ինչ-որ քայլ կձեռնարկի, սակայն ոչինչ չարվեց: Իսկ այս տարի որոշեցինք դրամահավաք կազմակերպել:

Անօթևանները մարդիկ են, ովքեր գիշերները չեն կարողանում քնել, որովհետև երեխաների վրայով առնետներ են վազում,  ովքեր պատերի մեջ բամբակ են դնում, որ գիշերը  չմրսեն, մարդիկ, որոնց համար դույլը զուգարանն է»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկ Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ բրիտանական Crowdfunder կայքում կազմակերպված դրամահավաքի հետ կապված՝ տեխնիկական երկու խնդիր կա.

«Մեկը ժամկետն է.մինչև մարտի 20-ը պետք է հավաքվի 120.000 ֆունտ ստերլինգ, իսկ մեզ մնացել է հավաքել մոտ 90.000 ֆունտ: Եթե նախատեսված գումարը չհավաքվի, դրանք վերադարձվելու են տերերին: Բայց, պետք է ասեմ, որ այլընտրանքային վճարումների մեթոդով արդեն 15.000 դոլար ունենք»,-նշեց նախաձեռնության հեղինակը:

Հայկ Բարսեղյանի փոխանցմամբ՝ Գյումրիում 1 սենյականոց բնակարանն արժե 7000-10.000 դոլար:

Նշենք, որ Գյումրիին օգնելու համար Երևանում նույնպես դրամահավաք է կազմակերպվում: Փետրվարի 28-ին ժամը 17:00-ից մինչեւ 21:00 –ն ընկած ժամանակահատվածում՝ Հյուսիսային պողոտայում:

Անի Կարապետյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more