▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանը հետմահու հայտնվել է ամբաստանվողի կարգավիճակում․ մեղադրվում է որդուն օժանդակելու մեջ

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ հետմահու քրեական հետապնդում է իրականացվում։ Մեղադրյալի կարգավիճակում է նաեւ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը,ինչպես նաեւ  Գևորգ Սուքիասյանը, Լևոն Սահակյանը, հայտնում է «Փաստինֆոն»։

Քրեական գործը վերաբերում է հողատարածքի սեփականաշնորհմանը։

Ըստ քրեական գործի՝ Կարեն Գրիգորյանը, որը  2008 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2016 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը զբաղեցրել  է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնը, Էջմիածնի ավագանու 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 1 նիստի թիվ 4 և 5 որոշումներով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված Էջմիածին քաղաքի Նալբանդյան 1/46 և Նալբանդյան 1/48 հասցեներում գտնվող վերը նշված հողատարածքները կառուցապատման իրավունքով մրցութային եղանակով տրամադրել է օգտագործման, որից հետո 2010 թվականի հունվարի 18-ին կայացրել է թիվ 1/1 և 2 որոշումները՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված Նալբանդյան փողոցի թիվ 1/46 հասցեում գտնվող 1175 մ2 մակերեսով և Նալբանդյան փողոցի 1/48 հասցեում գտնվող 587 քմ մակերեսով հողամասերը 99 տարի ժամկետով, մրցույթային եղանակով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին, իսկ հաջորդ օրը՝ 2010 թվականի հունվարի 19-ին, Կարեն Գրիգորյանի նախագահությամբ տեղի ունեցած մրցույթային հանձնաժողովի նիստով սահմանվել է հողամասերը կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մրցույթի պայմանները, համաձայն որի՝ կառուցապատման սկիզբ-ավարտ սահմանվել է՝ 01.07.2010 թվականից մինչև 01.07.2011 թվականը։

2010 թվականի փետրվարի 22-ին անցկացված կեղծ մրցույթի արդյունքների մասին կազմված թիվ 6 և թիվ 7 արձանագրություններով, իսկ հետագայում նաև 2010 թվականի մարտի 3-ին կայացված թիվ 47 և 48 որոշումներով, Նալբանդյան փողոցի թիվ 1/46 և 1/48 հասցեներում գտնվող հողամասերի վերաբերյալ իբրև անցկացված մրցույթի հաղթող է ճանաչել հոր՝ Մանվել Գրիգորյանի և վերջինիս մտերիմների կողմից փաստացի տնօրինվող «Էջմիածնի Շուկա» ՍՊ ընկերությանը։  2010 թվականի մարտի 5-ին Էջմիածնի քաղաքային համայնքի՝ ի դեմս քաղաքապետ Կարեն Գրիգորյանի և «Էջմիածնի Շուկա» ՍՊ ընկերության տնօրեն Գևորգ Սուքիասյանի միջև կնքվել են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրեր, որից հետո նշված  1175 և 587 մ2 մակերեսներով հողամասերի նկատմամբ գրանցվել է «Էջմիածնի Շուկա» ՍՊ ընկերության կառուցապատման իրավունքը, որտեղ հողամասերի նպատակային նշանակությունը գրանցվել է բնակավայրի, օգտագործման նպատակը՝ զբոսայգի ։

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել որդուն՝  Էջմիածին քաղաքի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին օժանդակելու մեջ, ըստ մեղադրանքի՝ նա  օժանդակել է Կարեն Գրիգորյանի կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման կատարմանը՝ ակնհայտ հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումն օրինական գործունեության շղարշի ներքո լեգիտիմացնելու, գույքի իրական պատկանելիությունը և տնօրինման եղանակը թաքցնելու, հանցավոր ծագման աղբյուրը խեղաթյուրելու և հանցավոր հետքերը վերացնելու նպատակով օրինականացնելուն:

Ամբաստանյալի աթոռին են նաեւ «Էջմիածնի Շուկա» ՍՊ ընկերության տնօրեն Գևորգ Սուքիասյանը, ինչպես նաեւ Լևոն Սահակյանը։

Քրեական գործը գտնվում է Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանի վարույթում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more