Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան եթերում հայտնել է, որ բնակիչներն ահազանգել են, թե Մանկական երկաթուղում նախատեսվում է բազմաբնակարան շենք կամ ռեստորանային համալիր կառուցել․ «Անտերության մատնված Մանկական երկաթուղին վայ իշխանությունները դարձրել են ամայի տարածք։ Կոպեկներով վարձակալության է տրվել այս տարածքը, իսկ վարձակալը պայմանագրով նախատեսված ոչ մի աշխատանք չի կատարել։ Ապրիլին լրանում է պայմանագրի ժամկետը։ Զգուշացնում ենք քաղաքային իշխանությանը, որ այստեղ չպետք է բազմաբնակարան կամ հյուրանոցառեստորանային համալիր կառուցվի, այն պետք է դառնա ժամանակակից մանկական այգի, վերականգվի մանկական երկաթուղին»,- ասաց Սարգսյանը։ Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ Մանկական երկաթուղու տարածքում իրականացվող աշխատանքների ներդրողը «Ռուցոգ-ինվեստ հոլդինգ» ընկերությունն էր, որի հիմնադիրն ու սեփականատերը ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանն է։ |
«Անցած տարվա ապրիլ ամսին «ՌԻԴ» ընկերությունը հայտնեց Երևանի մանկական երկաթուղու վերակառուցման ծրագրից հրաժարվելու իր որոշման մասին։
Ուստի չի բացառվում, որ առաջիկայում Մանկական երկաթուղու տարածքում, ինչպես նաև «Հայփոստի» գլխավոր շենքի տարածքում իշխանությունների սրտի օլիգարխները ընդհանուր համալիր կառուցեն։
Ավելին, նշվում էր, որ դեպի Մանկական երկաթուղի տանող 2 թունելները, որոնցից մեկը տևական ժամանակ է՝ փակ է, ևս այդ համալիրի մաս է լինելու»,-գրել էր մամուլը։