▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մակրոնի այցելության ժամանակ գալու ենք հրապարակ, խայտառակ անենք մեր կառավարությանը»․ քաղաքացի

««Սուտլիկ որսկան»-ի կառավարությունն ա․ եկան շենքի բակը, թե անպայման բոլորիդ շահավետ տարբերակով կապահովենք ու էլի խաբեցին»,- կառավարության դիմաց Վարդաշենցիների բողոքի ակցիայի ժամանակ ասաց Վարդաշենի բնակչուհին։ «Եթե չբավարարեն մեր պահանջը՝ մի քանի հարյուր հոգով հավաքվելու ենք, Մակրոնի այցելության ժամանակ գանք հրապարակ, վրանները խբենք նստենք՝ խայտառակ անենք մեր կառավարությանը․ անպայման անելու ենք»,- հավելեց նա։

Նշենք, որ ակցիայի ժամանակ Կառավարությունից հայտնել են, որ մասնակիցներից 4 հոգու կընդունի աշխատակազմի ղեկավարը, սակայն բնակիչները հույս չեն կապում հանդիպման հետ․ «Էլի փափուկ բարձ կդնեն, ինչպես միշտ»,- նշում են նրանք։

***

«Մենք ՀՀ հպարտ քաղաքացի ենք չէ՞, եկել ենք մեր իրավունքը պաշտպանենք»,- այսօր Կառավարության դիմաց վարդաշենցիների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց մասնակիցներից Ալիսա Մուրադյանը։ «Մենք ապրում ենք անմարդկային պայմաններում, մեզ բազմիցս խոսք են տվել ու խաբել։ Ավինյանը 23թ․ եկավ, խոսք տվեց, որ կլուծի խնդիրը, մենք իրան ընտրեցինք՝ հավատալով, որ 1 տարվա ընթացքում մեզ պետք ա բնակարանով ապահովեն․ անցել է 3 տարի․․․ Ամեն րոպե մենք վտանգի տակ ենք, եթե մի բան եղա, ո՞վ ա մեր կյանքի համար պատասխան տալու»,- նշեց Վարդաշենի բնակչուհին։ «Դուք ձեզ համար հանգիստ ձեր դղյակներում նստած եք, դուք մեր ձայներով եկաք, նստեցիք, մեր ձայներով հարստացաք, տան տեր դառաք, իսկ մենք ինչքան ուժ ունենք՝ հետ գնացինք, ու դեռ չգիտենք ինչ պետք ա լինի։ Ավինյանը չի ուզում երբեք մեզ հետ հանդիպում ունենա, Փամբուխչյանին ա ուղարկում, նա էլ գալիս, փափուկ բարձը դնում ա գլխներից տակ, ճանապարհում, հիմա էլ ասում են գնացեք՝ իբր մինչ մայիսի 15-ը վերջնական պատասխան կտան․ սրանց վերջնական պատասխանը չի պրծնում, այ մարդ»,- զայրացավ քաղաքացին։

***

Վարդաշենի 6-րդ փողոցի հանրակացարանների մի խումբ բնակիչներ Կառավարության դիմաց են՝ բողոքելով շենքերի անբարեկարգ, վթարային վիճակից։

«Շենքը 4-րդ կարգի վթարային է, ամբողջությամբ ճաքեր է տվել, բալկոնը փլվել է, մուտքի կողքից քարերը պոկվում-ընկնում են, նկուղային հարկերը կեսից ջուր է, կոյուղինները փտած են, ամբողջ կեղտաջրերը լցվում են առաջին հարկը։ Շենքի բնակիչների մեծ մասն արդեն այլ տեղերում վարձով են ապրում։ Արդեն 4-5 տարի է՝ կառավարությունը մեզ խաբում է, ասում է՝ անպայման կլուծենք այս հարցը, սպասեք 1 ամիս, 10 օր, 15 օր, ու միշտ նույն պատասխանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։ «Ես չգիտեմ մեր կառավարությունն ինչ ա մտածում, մենք 18-ին թողինք մեր ամբողջ գործերը, օրերով, փողոցները փակելով, Նիկոլ գոռալով ընտրեցինք, որ մեզ լավ ապագա սպասվի, բայց մինչև էսօր էդ ապագան չենք տեսնում։ Չգիտենք մեր վարչապետն ինչ ա մտածում, գնում հասնում է մարզերը, ընտրարշավ ա անում, թող գա մեր հանարակացարանի շենքը, թող գա մի գիշեր այդտեղ ապրի, մեկ տարի առաջ եկել ասել է՝ կապահովենք բնակարաններով, բայց մինչև հիմա նույն վիճակն է»,- նշեց վարդաշենցի տիկինը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more