▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մահաբեր»-ի ճանապարհին 28-ամյա վարորդը մխրճվել է տան պատին

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում BMW մակնիշի 30 ՏՏ 058 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 28-ամյա Արսեն Թարխանյանը Խաչփար գյուղի 18 փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել թիվ 28 տան պատին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Թարխանյանը ժողովրդի օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և բավականին ուշացումով դեպքի վայր ժամանած շտապօգնությունը վարորդին ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Հարություն Թորոսյանն ու Նշան Հակոբյանը:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Արկադի Օսիպյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քաղաքացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ դեպքի վայր էր ժամանել նաև Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր փակել են ավտոմեքենայի գազաբալոնը, սակայն անելիք չունենալով՝ վերադարձել են հրշեջ-փրկարարական ջոկատ:

 Դեպքի վայրում հավաքված բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ նշված հատվածը համարվում է մահաբեր, քանի որ բազմաթիվ վթարներ են տեղի ունեցել, որոնց մեծ մասը, ցավոք, ողբերգական: Ամիսներ առաջ նշված հատվածում տեղադրվեցին արագաչափեր, և վթարները, կարելի է ասել, կտրուկ նվազեց, ու չգիտես՝ ում մեղքով, արագաչափերի միջից նկարահանող սարքերը հանել են, ու հիմա վթարների պակաս չկա:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more