news.am-ը գրում է, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին` Սարատովկա գյուղի մոտակայքում, տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացածները ընկերներ էին, նույն ընտանիքից ազգականներ չկան: Այս մասին կայքի հետ զրույցում ասաց Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանը:
Նա դեպքի մասին լուրն առնելուն պես մեկնել է դեպքի վայր եւ ականատես եղել մի ողբերգական տեսարանի: Քաղաքապետն ասաց, որ զոհված երիտասարդների ընտանիքներին ճանաչում է, տղաներն էլ նորմալ, կազմակերպված երեխաներ էին, երբեւէ նրանց մասին վատ բան չի լսել. կարծես նրանցից մեկը ամուսնացած էր, կային նաեւ ուսանողներ: «Նորմալ մեքենա էր, ես տեղում ԱԻՆ աշխատակիցներին հարցրի, ասացին՝ գազի բալոնը չի պայթել: Ողբերգական իրավիճակ էր, հրդեհ էր, հրշեջները հանգցին, մեկը մեքենայի կողքն է եղել, բոլորն էլ տեղում մահացած էին»,-ասաց քաղաքապետը:
Ի դեպ, մահացած երիտասարդներից 22-ամյա Արման Հրաչյայի Տոնոյանը «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբոր՝ պատգամավոր Կարեն Կարապետյանի վարորդի որդին է, պատգամավորը երեկ դեպքի վայրում է եղել, մահացածներից 24-ամյա Վահագ Վախթանգի Ալբերտյանի հայրն էլ ոստիկանության Տաշիրի բաժնում անձնակազմի գծով տեղակալն է, իսկ Գևորգ Պողոսյանի հայրը աշխատում է ԱԱԾ-ում, երիտասարդը մի քանի ամիս առաջ էր ամուսնացել: Մահացածներից 4 Մեծավանի գյուղից է, 3-ը ապրում էին Տաշիրում, մեկը՝ Մեծավանում: Գյուղապետ Սերյոժա Վարդանյանն էլ կայքի հետ զրույցում ասաց, որ իրենց համագյուղացիները ուսանող էին, սովորական ընտանիքից, նորմալ, աշխատող մարդիկ էին: Մեծավանում ապրող երիտասարդը, ով գյուղապետի քրոջ թոռն է, պետք է ամռանը հոր հետ մեկնել ՌԴ՝ արտագնա աշխատանքի, նա սովորում էր գյուղակադեմիայում, ուներ քույր:
Վթարի հետեւանքով մահացած 22–ամյա Արթուր Բալյանը Երեւանի բնակիչ էր, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող էր։
Հարեւանների խոսքով` Արթուրը լավ ընտանիքից էր, խելացի, համեստ տղա էր։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան (առանց պ/հ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել քարերին և բռնկվել: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է յոթ երիտասարդ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են մահացածների անունները` Տաշիր քաղաքի բնակիչ` 21-ամյա Վանիկ Ստեփանի Մարդոյան, Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ, սակայն փաստացի Տաշիր քաղաքում բնակվող` 22-ամյա Կարեն Խաչիկի Խաչատրյան, Տաշիր քաղաքի բնակիչ` 24-ամյա Գևորգ Արթուրի Պողոսյան, Տաշիր քաղաքի բնակիչ` 22-ամյա Արման Հրաչյայի Տոնոյան, Լոռու մարզի Մեծավան գյուղի բնակիչ` 22-ամյա Գասպար Սեդրակի Ղուկեյան, Տաշիր քաղաքի բնակիչ` 24-ամյա Վահագն Վախթանգի Ալբերտյան և Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ` 22-ամյա Արթուր Հարությունի Բալյան: