epress.am-ը գրում է, որ մայիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում տուժած Հարություն Զաքարյանի ձախ աչքը ևս վնասվել է։ Այս մասին կայքին ասել է ինքը՝ Զաքարյանը, ով ներկայումս գտնվում է Մոսկվայի ակնաբուժական հիվանդանոցներից մեկում։
Զաքարյանի աջ աչքի տեսողությունը չի հաջողվել վերականգնել, չնայած մայիսի 21֊ին նա 5 ժամանոց վիրահատության է ենթարկվել։ Նրա խոսքով՝ աչքի տեսողության համար պայքարել են Ռուսաստանի լավագույն մասնագետները, սակայն ապարդյուն՝ հաշվի առնելով ստացած վնասվածքների լրջությունը։ Նա նշել է, որ այժմ ևս մեկ վիրահատության է պատրաստվում։
«Վիրահատությունն արվում է, որպեսզի գոնե աչքս հնարավոր լինի պահպանել», ֊ ասել է Զաքարյանը։ Նա նշել է, որ ձախ աչքի տեսողությունը, բժիշկների գնահատմամբ, վատացել է 40 տոկոսով ստացված վնասվածքների հետևանքով առաջացած բորբոքումների պատճառով։ Զաքարյանը հրաժարվել է խոսել դեպքի մասին, չի ցանկացել գնահատական տալ նաև քրեական գործի ընթացքին՝ ասելով, որ այս պահին մտածում է միայն իր առողջության մասին, իսկ այլ հարցերին կպատասխանի հետագայում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: