Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է գերմանական հայտնի «Շնայդեր գրուպ» ընկերության հիմնադիր Ուլֆ Շնայդերին: Ընկերությունը գրասենյակ ունի Երևանում, որը խորհրդատվական ծառայություններ է մատուցում բիզնեսի զարգացման ոլորտում՝ ակտիվացնելու ներդրումների ներգրավումը:
Հանդիպմանը Ուլֆ Շնայդերը հանրապետության նախագահին տեղեկություններ է ներկայացրել «Լիսաբոնից Վլադիվոստոկ» կոչվող նախաձեռնության մասին՝ նշելով, որ այն նպատակ ունի սերտացնել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև տնտեսական կապերն ու համագործակցությունը: Նա առաջարկել է նախաձեռնության կոնֆերանսը հաջորդ տարի կազմակերպել Հայաստանում:
«Հայաստանը Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև լավ կամուրջ է: Ինքս մասնակցում էի այս ամռանը Դիլիջանում անցկացված «Մտքերի հայկական գագաթնաժողովին», ոգեշնչված եմ այդ համաժողովով, և կարծում եմ՝ Հայաստանը լավ վայր է այս միջոցառումը հյուրընկալելու համար»,-նշել է Շնայդերը: Նա տեղեկացրել է, որ օրերս Բրյուսելում կայացել է նախաձեռնող խմբի հանդիպումը, որին մասնակցել են ինչպես Եվրոպական հանձնաժողովի, այնպես էլ ԵԱՏՄ ներկայացուցիչներ:
Նախագահ Սարգսյանը ողջունելի է համարել նման նախաձեռնությունը՝ նշելով, որ պատրաստ է հնարավորինս աջակցություն ցուցաբերել միջոցառման իրականացմանը:
Նշենք, որ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է նաև «Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոց»-ի՝ տարբեր երկրներից ժամանած մասնակիցներին:
Արդեն երրորդ տարին «Երիտասարդ առաջնորդների աջակցման հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ միջոցառումը կազմակերպվում է Հայաստանում: Այս տարի այն անցկացվում է «Առաջնորդությունը բիզնեսում» խորագրով:
Հյուրերը պատմել են իրենց հանդիպումների, տպավորությունների մասին՝ նշելով, որ դպրոցի ձևաչափը լավ հնարավորություն է ստեղծում ինչպես փորձի ու գիտելիքների ձեռքբերման, այնպես էլ համագործակցություն ստեղծելու համար:
Նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է նման երիտասարդական նախաձեռնությունների իրականացումը, հորդորել ու քաջալերել լինել ավելի ակտիվ ու նախաձեռնող, հանդես գալ արագ փոփոխվող աշխարհին համահունչ գաղափարներով: Հաջողություն մաղթելով հանդիպման մասնակիցներին՝ նախագահը ողջունելի է համարել իրենց մասնագիտական հմտությունները նաև Հայաստանում կատարելագործելու նրանց մտադրությունները: