▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում հայտարարել է, որ մասնակցել է ղարաբաղյան առաջին պատերազմի մարտերին

Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով դատական գործընթացը։

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին դատավարության ժամանակ հրապարակվել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի ցուցմունքը։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցնրը, Մնացականյանը իր ցուցմունքում նշել է, որ իր ծառայությունը Արցախում սկսել է 1992 թվականի սեպտեմբերին՝ որպես գումարտակի հրամանատարի տեղակալ։ Ըստ ցուցմունքի՝ Մնացականյանն ասել է, որ նշանակվել է տարբեր պաշտոններում, իսկ 2007 թվականի մայիսից մինչև 2012 թվականի նոյեմբերը եղել է Արցախի պաշտպանության բանակի շտաբի պետ, այնուհետև՝ 2012 թ. նոյեմբերից մինչև 2015 թ. հունիսը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Թոշակի անցնելուց հետո նա ոչ մի տեղ չի աշխատել։

1992 թվականի սեպտեմբերից որպես սպա զինվորական ծառայություն սկսելու պահից ի վեր Մնացականյանը մասնակցել է առաջին ղարաբաղյան պատերազմի մարտերին՝ Քարվաճառի, Ֆիզուլիի, Աղդերեի, Աղդամի և Ջեբրաիլի շրջանների ուղղությամբ՝ նշվել է նրա ցուցմունքի մեջ։

***

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բաքվի կեղծ դատավարության շրջանակներում այսօր հրապարակվել է ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի ցուցմունքները:
Ըստ հրապարակումների, Մնացականյանը հաստատել է իր մասնակցությունը Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններին, այդ թվում` 90-ականների առաջին պատերազմում, ըստ ժամանակաշրջանների ներկայացրել իր կարգավիճակն ու կոնկրետ ուղղություններով մարտերը:
Ի սկզբանե էլ Մնացականյանը մարտական գործողություններին իր մասնակցությունը որևէ առումով չի էլ թաքցրել` նույնիսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արցախյան առաջին պատերազմում, տարիքի բերումով, զինվորական միջին կամ բարձր պաշտոններ չի զբաղեցրել և կարող էր այն «շրջանցել»:
Սակայն անկախ այն հանգամանքից, որ Ադրբեջանը փորձում է գեներալ Մնացականյանին ու Բաքվի կեղծ դատավարությամբ անցնող հայերին ծանր հանցագործություններ վերագրել, Լ. Մնացականյանը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա անկասկած համարում է, որ իր մասնակցությունը պատերազմում ոչ թե հանցանք է, այլ ինքնապաշտպանության միջոցով սեփական հայրենակիցների անվտանգության ապահովում:
Սա այն ամենն է, ինչը ցուցմունքների տողատակերում կարելի է կարդալ ու առաջ անցնել:
Հիշեցնեմ, որ Բաքվի «դատավարության» վերաբերյալ նյութերին պետք է խիստ վերապահումներով մոտենալ, որովհետև տարբեր վկայություններ կան այն մասին, որ ցուցմունքներ են կեղծվում, միտումնավոր սխալ թարգմանություններ են ներկայացվում, իսկ դատարանը հրաժարվում է նիստերի արձանագրությունները դատավարության մասնակիցներին ներկայացնել, ինչը ևս հաստատում է տեղի ունեցող գործընթացների ապօրինի և կեղծված լինելու հանգամանքը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more