▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարված իրավիճակ տարածաշրջանում. Հայ արեւելագետները անհանգիստ ստատուսներ են գրում

Հայ արեւելագետները անհանգիստ ստատուսներ են գրում Ֆեյսբուքում։

Եթե ամերիկյան օդային հարվածից սպանվել է Իրանի ԿՈՒԴՍԻ առաջնորդ Ղասիմ Սուլեյմանին դա առնվազն նշանակում է, որ կարճաժամկետ հեռանկարում Մերձավոր Արևելքում թեժ բախումների պակաս չի լինելու....,- սա  գրել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ «Ալ-Քուդս» էլիտար ստորաբաժանման հատուկ նշանակության ուժերի հրամանատար և գեներալ-մայոր Կասեմ Սուլեյմանին սպանվել է Բաղդադի միջազգային օդանավակայանում՝ հրթիռային հարվածի հետևանքով: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի ժողովրդական մոբիլիզացման ուժերի ներկայացուցիչին՝ Ահմեդ ալ-Ասադին:
     Սուլեյմանիից բացի, գործակալության զրուցակցի խոսքերով, սպանվել է Իրաքի ժողովրդական շարժման ուժերի հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսը:

Reuters գործակալությունը վկայակոչելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին՝ հավելում է, որ հրթիռային հարվածներ են հասցվել Բաղդադում Իրանի հետ կապված երկու թիրախների նկատմամբ:

Գեներալ-մայոր Սուլեյմանիի մահվան մասին հայտնում է նաև «Ալ Արաբիան» հեռուստաալիքը: Ըստ հեռուստաալիքի՝ հրետակոծման թիրախը եղել է օդանավակայան ուղևորվող մեքենաների շարասյունը, և որի կազմում են եղել Սուլեյմանին և ալ-Մուհանդիսը: Այն փաստը, որ Սուլեյմանին եղել է հրթիռային գրոհի զոհերի թվում, հայտնել է նաև Sky News-ը՝ վկայակոչելով իրաքյան հեռուստատեսությանը և իրաքյան երեք աղբյուրներին: Հեռուստաալիքները հայտնել են 7 սպանվածի մասին:

AFP գործակալությունը հավելել է, որ հաստատել է Սուլեյմանիի մահը:

Անցյալ տարվա գարնանը ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոմպեոն գեներալ Սուլեյմանին անվանել է ահաբեկիչ:

Պենտագոնը արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որը հաստատում է, որ Սուլեյմանին սպանվել է ԱՄՆ-ի կողմից հարձակումների արդյունքում: «Նախագահի ուղղությամբ ԱՄՆ զինված ուժերը վճռական պաշտպանական գործողություններ են ձեռնարկել ԱՄՆ-ի անձնակազմին պաշտպանելու համար՝ սպանելով Սուլեյմանին»,-ասվում է Պաշտպանության գերատեսչության հաղորդագրության մեջ: «Գեներալ Սուլեյմանին ակտիվորեն մշակում է ծրագրեր՝ գրոհելու ամերիկյան դիվանագետների և զինծառայողներին և ողջ տարածաշրջանում»,-հավելել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը:

Սուլեյմանին ղեկավարում էր «Ալ-Քուդս» էլիտար բաժանումը 1998 թվականից:

 

Ինչի՞ց է սկսվել

ԱՄՆ-ը հավելյալ 750 հոգանոց զորախումբ ուղարկեց Բաղդադ ԱՄՆ դեսպանության անվտանգությունն ապահովելու նպատակով։ ԱՄՆ մեղադրում է Իրանին Բաղդադում ԱՄՆ դեսպանության վրա հարձակման մեջ։ Վաշինգտոնի-Թեհրանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ:

Հիշեցնենք, որ կիրակի օրը Վաշինգտոնը մի շարք հրթիռային հարվածներ հասցրեց իրանամետ Հեզբոլահ խմբավորման դիրքերին ի պատասխան ամերիկյան կառավարության համար աշխատող պայմանագրային աշխատակցի սպանության: Դրան հաջորդեց իրանամետ խմբավորման աջակիցների բողոքի ցույցն ու հարձակումը ԱՄՆ-ի դեսպանության վրա: Տեղի անվտանգության ուժերը ստիպված եղան կիրառել արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ ցուցարարների դեմ:

Դեսպանության վրա հարձակումն ընդգծում է այս պահին Վաշինգտոնի ու Թեհրանի միջև հարաբերությունների գերլարված բնույթը: Նախագահ Թրամփը հարձակման մեջ մեղադրել է պաշտոնական Թեհրանին: Նախագահը սակայն ավելի ուշ ընդգծել է, որ ինքը խաղաղության կողմնակից է և կարծում է, որ Իրանը ևս չի ցանկանում պատերազմ:

Իր հերթին Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենին արձագանքել է նախագահ Թրամփի մեղադրանքներին՝ ընդգծելով, որ դեսպանության վրա հարձակումը որևէ առնչություն չունի Իրանի հետ:

Փորձագետները մտահոգություն են հայտնում ստեղծված իրադրության վերաբերյալ՝ նշելով, որ այս զարգացումներն էլ ավելի է մեծացնում լայնածավալ պատերազմի հավանականությունը: Նրանց կարծիքով հարձակման հիմնական նպատակն է ԱՄՆ դուրս մղումը Իրաքից: Նրանք կանխատեսում են որոշակի ռազմական գործողություններ ԱՄՆ-ի կողմից Սիրիայում Հեզբոլահ խմբավորման դիրքերի դեմ:

Այս պահին իրավիճակը որոշակիորեն հանդարտվել է, սակայն լարվածությունը պահպանվում է և դեռևս անորոշ է, թե որքան ժամանակ այն կպահպանվի:

Ամերիկայի ձայն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more