▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կրթվելը նորաձև է» շարժման ծախսերը պետական գաղտնիք են

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ընթացքում, պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանին, հայտնել է, որ ՀՀ վարչապետի տիկնոջ նախաձեռնությամբ իրականացվող «Կրթվելը նորաձև է» արշավին պետական բյուջեից գումար է հատկացվում։ 

«Փաստերի ստուգման հարթակը» գրում է, որ դիմել էր վարչապետի աշխատակազմ՝ հստակեցնելու, թե որքան գումար է հատկացվել հարկատուների միջոցներից արշավի իրականացման ընթացքում գնումների կազմակերպմանը։ 

«Խնդրել էինք նաև տրամադրել իրականացված գնումների ծածկագրերը։

Ի պատասխան, սակայն, աշխատակազմը չի տրամադրել տվյալները՝ պնդելով, թե FIP.am-ի կողմից հայցվող տեղեկությունը «պետական գաղտնիք է»։ 

Աշխատակազմը, հղում անելով «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածին, նշել է, թե պետական գաղտնիք պարունակող գնումների ցանկում են նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով նախատեսված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերը։ 

Նշենք, որ աշխատակազմի կողմից հիշատակված հոդվածում գաղտնի համարվող ծախսերի թվում են «արարողակարգային ծախսերը, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային ծախսերը»։ 

Հատկանշական է, որ «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը, որը վարչապետի հետ միասին իրականացնում է նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, պատկանում է նրա ղեկավարած «Իմ քայլը» ոչ պետական հիմնադրամին։ 

Աշխատակազմից նշել են նաև, թե նախաձեռնության իրականացման համար ֆինանսավորման այլ աղբյուրների կամ համաֆինանսավորող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկության չեն տիրապետում։ 

Փաստացի, աշխատակազմը մասնավոր հիմնադրամի հասարակական-կրթական նախաձեռնությունը դասել է ներկայացուցչական-արարողակարգային ծախսերի շարքին՝  դրա իրականացմանը հատկացնելով հարկատուների միջոցները․ ավելին, այդ ծախսերին տալով գաղտնի, ոչ հրապարակման ենթակա ունեցող տեղեկության կարգավիճակ՝ զրկել է հարկատուներին տեղեկացված լինելու իրավունքից»,-գրում է սկզբնաղբյուրը։ 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more